Մատչելիության հղումներ

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, որի կապակցությամբ ամեն տարի տեղի է ունենում «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ արժեվորելով տարվա ընթացքում թատերական ասպարեզում կատարված լավագույն աշխատանքներն ու աչքի ընկած թատերական գործիչներին:

Թատրոնի օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսսա Շահնազարյանը և Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը:

Սաֆարյանը, ով երեք տարի առաջ է ստանձնել թատրոնի ղեկավարությունը, շեշտեց, որ վերջապես Հայաստանի անկախության տարիներին հենց Գավառում կառուցվեց առաջին թատրոնը, որը, ի դեպ, ունի 132 տարվա պատմություն․ - «Երբ որ 2015 թվականին ինձ նշանակեցին գլխավոր, չգիտեի, որ վառված դպրոց են տեղափոխվել․․․ Երևանից որ դերասան էի հրավիրում, ասում էին՝ կատա՞կ ես անում, ո՞նց կարող ենք ստեղ աշխատել: Հա, ասում էի, իսկապես պետք է ստեղ աշխատենք: Եվ աշխատում էինք: Երեք տարի: Փառք Աստծու, արեցինք ներկայացումներ, մասնակցեցինք փառատոների․․․ Երբ որ ասում են մարզային թատրոն, հետևից՝ մի ահռելի խնդիրներ՝ բռնած դերասաններից, ներկայացում կազմակերպելուց, տոմս ծախելուց, անիվների վրա լինելուց․․․ ես ասում եմ մեր թատրոնի օրինակով: Բայց դրա տակից դուրս եկանք: Այսօր մեր շենքը վերակառուցել են»:

Հիմա թատրոնը վերակառուցել են, բայց վերակառուցման այս տարիներին թատրոնի հաստիքներն են կրճատվել և ոչ միայն ստեղծագործական կազմում, այլ նաև տեխնիկական աշխատողների թվից: Հաստիքները վերականգնելու Արմեն Սաֆարյանի բորոր ջանքերն առայժմ ապարդյուն են․ - «Մենք դիմում ենք մարզպետարան, մարզպետարանը դիմում ա Կառավարություն: Ֆինանսների նախարարությունը պետք ա ֆինանս տրամադրի՞, որ էդ հաստիքները տրամադրեն: Չեն տրամադրում, որովհետև ֆինանս չկա: Ընդհակառակը, անընդհատ կրճատում են․․․ Չունենք դերձակ, չունենք բանվոր․ էլեմենտար հաստիքներ եմ ասում, որ թատրոնում անհրաժեշտ են: Մի բանվոր ունենք․ մի բանվորը ո՞նց կարող ա դեկորացիա քարշ տալ․․․»:

Ի դեպ թատրոնում վերանորոգման աշխատանքներն ընթանում են 2008 թվականից: Նախապես պլանավորել էին հիմնանորոգում կատարել, բայց հետո հասկացել են, որ անհնար է 1931 թվականից շահագործման հանձնված շենքը հիմնանորոգել և ավելի նպատակահարմար է այն քանդել և նորը կառուցել:

Թատրոնի նոր շենքի հանդիսավոր բացումը կկայանա այս տարի՝ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի բեմադրությամբ, թե կոնկրետ երբ՝ թատրոնի գլխավոր ռեժիսորը դժվարացավ ասել:

Վանաձորի դրամատիկական թատրոնն այս տարի է հիմնանորոգվելու և աշնանն արդեն կբացի դռները հանդիսատեսի առաջ:

Այս թատրոնի շենքը նույնպես 1930-ականների կառույց է և ոչ միայն լուրջ հիմնանորոգման, այլև ժամանակակից կահավորանքի և տեխնիկակական սարքավորումների կարիք ունի:

Սա բոլորովին չի խանգարել հանդիսատեսի հաճախելիությանը: Ինչպես նշում է թատրոնի տնօրեն Ագնեսսա Շահնազարյանը, հանդիսատեսն իհարկե գալիս է, բայց մարզային բնակչության թիվն է նվազում․ - «Եթե Երևանում ամեն ինչ մենք մի քիչ վարդագույն ակնոցի տակից ենք տեսնում, մարզերում պատկերը բոլորովին այլ է: Բնակչություն շատ քիչ կա, հետաքրքրություն․․․ մեղադրելու չէ: Երբ որ մարդը այսօր հացի խնդիր է լուծում, թատրոն բերել հանդիսատեսին, դա մի քիչ բարդ գործ է: Բայց փառք Աստծո, ես իսկապես դժգոհելու տեղ չունեմ, մեր բոլոր ներկայացումները գրեթե լեփ-լեցուն դահլիճներում են անցնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG