Մարտի 24-ին ուժգին քամու հետևանքով Երևանում գրանցվել է ծառերի, գովազդային և ճանապարհային վահանակների տապալման, տանիքների վնասման ընդհանուր առմամբ 56 դեպք: Այդ մասին այսօր զեկուցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Ըստ հաղորդագրության, քաղաքապետն աշխատակազմի համապատասխան վարչություններին և ծառայություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել և գույքագրել քամու հասցրած վնասներն ու քայլեր ձեռնարկել քաղաքային ենթակառուցվածքներում արձանագրված վթարների հետևանքները վերացնելու և դրանց բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ՝ ներգրավելով քաղաքային բոլոր ծառայություններն ու համատիրություններին: