Մատչելիության հղումներ

Զատուլին․ Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իր նկատմամբ


«Ռուսաստանը հետևություններ է արել 2016-ի ապրիլյան պատերազմից, այդ պատճառով էլ դրանից հետո Հայաստանին են տրամադրվել նորագույն զինատեսակներ», - այսօր խորհրդարանում կայացած ասուլիսին հայտարարեց Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք հասկանում ենք, որ 2016-ի լարումից հետո, որը նախաձեռնել էր կողմերից մեկը, հայաստանյան հանրային կարծիքում Ռուսաստանին ուղղված լուրջ դժգոհություններ կային, օրինակ, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման առումով։ Մենք շատ ափսոսում ենք, որ Ադրբեջանում դրան այլ կիրառություն չգտան, քան շփման գծում խախտելու հրադադարի մասին համաձայնությունը, որը նաև մեր ջանքերի շնորհիվ գոյություն ուներ 1994 թվականից: Մենք արել ենք հետևություններ՝ կապված տարածաշրջանում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ, և տրամադրել ենք Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ, որը հնարավորություն եք ունեցել տեսնելու Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ», - ասաց Զատուլինը:

Ռուսաստանն Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) զեկույցի՝ նախորդ հինգ տարիներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի պնդմամբ՝ իրենք Ադրբեջանին ամենևին էլ նորագույն տեխնիկա չեն մատակարարում․ - «Իսկապես զինամթերքի որոշակի մատակարարում եղել է, բայց դրանք վճարված ու նախատեսված էին նախկինում ստորագրված պայմանագրերով: Խոսքը սովորական ու պաշտպանողական սպառազինությունների մասին է, ոչ թե ժամանակակից զինատեսակների, որոնք, իմիջայլոց, մատակարարվել են Հայաստանին բացարձակապես այլ հիմքերով Ադրբեջանի համեմատությամբ»:

Պետական Դումայում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Զատուլինն այսօր Երևանում հավաստեց, որ Ռուսաստանը կատարելու է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի նկատմամբ իր պարտականությունները․ - «Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք հենց իր նկատմամբ»:

Պատասխանելով «Ազատության» հարցին նա ասաց, որ պետք չէ լուրջ վերաբերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, ըստ որոնց Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Զանգեզուրը իրենց պատմական հողերն են․ - «Ադրբեջանի հարգարժան նախագահը նման հայտարարությամբ պարզապես թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Նման հայտարարությունն ամենայն հավանականությամբ նախատեսված էր ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով սպասվող ընտրությունները: Սակայն այն չի դիմանում ոչ մի պատմական կամ քաղաքական քննադատության: Ուղղակի պարզ չէ, թե ինչպես կարող էր որևէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարությանը»:

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Զատուլինին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս ռուսաստանցի պաշտոնյան գնահատեց, որպես լավ շախմատիստ «թե՛ սպորտում թե՛ քաղաքականության մեջ»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք համաձայն է այն պնդմանը, որ Հայաստանը Ռուսաստանի «ֆոռպոստն» է՝ Ռուսաստանի իշխող ուժի ներկայացուցիչը մեջբերեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանին վերագրվող միտքը․ - «Նա ասել է, որ Ռուսաստանը Կովկասում ունի իր Իսրայելը: Այսպես է նա ասել ու ես չեմ մեկնաբանում, բայց կնշեմ, որ ես շատ էի սիրում Վազգեն Սարգսյանին, քանի որ նա շատ խելացի մարդ էր»:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Պետդումայի պատվիրակության ղեկավար Զատուլինի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն, որով նաև դատապարտել են Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG