ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Քիշնևում միասնության ցույց են կազմակերպել Մոլդովայի և Ռումինիայի վերամիավորման հազարավոր աջակիցներ:
1918 թվականի մարտի 25-ին՝ ռուսաստանյան հեղափոխության հետևանքով առաջացած քաոսի պայմաններում, Ռումինիան զորք է մտցրել ներկայիս Մոլդովայի տարածք, և Քիշնևում ստեղծված Երկրամասի խորհուրդը քվեարկել է հօգուտ Ռումինիային միանալուն:
«Յունիոնիստները» մարտի 25-ը համարում են Մոլդովայի և Ռումինիայի վերամիավորման օր: Մինչդեռ, ՏԱՍՍ-ի պնդմամբ, Մոլդովայում այսօրվա դրությամբ բնակչության ընդամենը 21 տոկոսն է երկու երկրների միավորման գաղափարի կողմնակից:
Քիշնևի ոստիկանության տվյալներով, այսօրվա հանրահավաքին մասնակցում է մոտ 7 հազար մարդ: Միջոցառմանը ներկա է նաև Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն:
«Մենք խնդրում ենք երկու երկրների խորհրդարաններին վերստին քվեարկել հօգուտ միավորման» - հայտարարել է Բասեսկուն՝ հավելելով, որ Ռումինիան անդամակցել է Եվրամիությանը՝ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու նպատակով, ուստի, տնտեսական ճգնաժամ ապրող Մոլդովան միայն կշահի Ռումինիային միանալուց:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը բնակիչներին ուրբաթ օրը կոչ է արել չմասնակցել կիրակնօրյա հանրահավաքին, միաժամանակ, նա վերամիավորման գաղափարի ընդդիմախոսներին հորդորել է չդիմել ապօրինի գործողությունների և խուսափել սադրանքներից: