Մատչելիության հղումներ

Կանաչ գոտու փոխարեն՝ գովազդային մեծ վահանակ


Շինարարական աշխատանքները Երևանի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում

Երևանի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում քաղաքապետարանը խոստացել էր կանաչ կղզյակ կառուցել: Հիմա այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն փոքր կղզյակում արդեն մեծ փոս է գոյացել՝ մետաղական ամրաններով, ինչը, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, վկայում է, որ կղզում «մշտական բնակություն է հաստատելու» գովազդային մեծ վահանակը:

Շաբաթվա սկզբին Երևանի ավագանու նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն էր այս հարցը բարձրացել՝ հույս հայտնելով, որ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի փակված հատվածի փոսում ինչ-որ կառույցի հիմք չի լինի, մեծ էկրաններով գովազդի սյուն չի տեղադրվի: «Ազատության» հետ շրջայցը տարածքում, այդուհանդերձ, մտահոգությունները փարատելու փոխարեն է՛լ ավելի ամրապնդեց:

«Այս է, փաստացի, հիմքերը փորվում են, արդեն փորվել են, որոշումը կա, որ էստեղ վահանակ կլինի: Մտահոգությունս այն է, որ բողոքները, օրինակ, հիմա կան Մաշտոցի պողոտայի և Ամիրյան խաչմերուկից, որտեղ մեծ LED էկրաններ են դրված գովազդային, և փաստացի ես էդ օրինակը բերեցի՝ կարծես էդ մարդիկ, առնվազն գոնե մինչև երեկոյան ուշ ժամը 11-ը, լինեն ԱԱԾ-ի նկուղներում, որտեղ մարդկանց խոշտանգումների են ենթարկում նաև էդ թարթող լույսերի միջոցով, կամ բանտերում նույնն են իրականացնում: Մարդիկ մշտապես էսպես սթրեսի մեջ են», - ասաց Հարությունյանը:

Մարտի 19-ի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ առանց բնակիչների համաձայնության մեծ էկրանով գովազդային վահանակ տարածքում չի տեղադրվի, և միայն համաձայնության դեպքում շինթույլտվություն կտրվի: Քաղաքապետը չէր բացառել նաև այլընտրանքային տարբերակը:

«Եթե նման մտահոգություն ունենք, մենք այդ ներդնողին, ով էդ աշխատանքները իրականացնում է, հետևյալ նաև հրահանգը կտանք, թե եթե տեղադրելու է LED էկրաններ, ուրեմն՝ պարտադիր այդ հարակից շենքերի բնակիչների համաձայնությունը լինի: Եթե չէ, արդեն ոչ-LED-ային տարբերակով կանդրադառնանք», - ասել էր Մարգարյանը:

«Ազատություն»-ը քաղաքապետարանից այդպես էլ հստակ պատասխան չստացավ այն մասին, թե արդյո՞ք շաբաթվա ընթացքում ստացել են բնակիչների համաձայնությունը մեծ էկրանով գովազդային վահանակ տեղադրելու համար: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, թե տեղյակ չէ:

«Ազատության» դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են տարածքում արդեն իսկ մետաղական ամրաններ տեղադրվել, Գևորգյանն արձագանքեց, որ դրանք ոչ մի խնդիր չեն կարող առաջացնել՝ գովազդային վահանակ միևնույն է տեղադրվելու է, քանի որ դրա շուրջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարական աշխատանքներ իրականացնող մասնավոր ներդրողի հետ, որի անունը Գևորգյանը չնշեց: Ըստ վերջինիս, քննարկվում են ընդամենը էկրանով կամ առանց էկրանի տարբերակները:

Խաչմերուկին հարակից շենքի բնակիչներից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ հենց երեկ այս հարցով ստորագրահավաք էր: Մեզ հանդիպած բնակիչներն ասացին, որ դեմ են եղել վահանակի տեղադրմանը, քանի որ հարակից վայրերում 24 ժամ աշխատող գովազդային հսկայական լուսավորված ու ձայնային ցուցանակների պատճառով արդեն իսկ խաթարվել է նրանց անդորրը:

«Ինչ-որ խոսակցություններ եղավ, որ ինչ-որ ռեկլամային բան պետք ա լինի: Մենք դեմ ենք, բնականաբար, ի՞նչ ա կատարվում, ինչ ուզում են՝ անում են: Կանաչ գոտի էին ասում՝ մենք ուրախացանք, հետո պարզվեց, որ կանաչ գոտի չի, այլ քանդում են ամբողջը... Արդեն հուսահատված ենք, էլ չենք իմանում՝ ում դիմենք, ինչ անենք, պայքարելը անիմաստ ա արդեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ շարունակելու է հետևել այս պատմության զարգացմանը, հատկապես երբ արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ մեծ վահանակը շատ փոքր տեղ է թողնելու կանաչ կղզյակին:

«Սովորական վահանակի դեպքում էլ, Բաղրամյան 1-ը բավական գեղեցիկ ֆասադ ունի և ամբողջությամբ կփակվի: Այսինքն, մենք էլի տուրք ենք տալիս բիզնես պրոյեկտներին, մինչդեռ քաղաքաշինության մեջ ամեն ինչը չպետք է որ գումարով և բիզնեսով լինի, շարժառիթները չպետք է գումարով և բիզնեսով լինեն», - շեշտեց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG