Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն այսօր հաղորդել է, որ նախօրեին պատանդների ազատման գործողության ընթացքում հրազենային ծանր վիրավորում ստացած ոստիկանը մահացել է:
«Գնդապետ Առնո Բելտրամը զոհվել է հանուն հայրենիքի», - ասել է նախարարը:
Գնդապետ Բելտրամը մարդկանց պատանդառած ահաբեկչին առաջարկել էր իրեն փոխարինել պատանդների հետ:
Թուլուզից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տրեբ ավանի խանութում երեկ տեղի ունեցած այդ պատանդառման ընթացքում զոհվել է երեք մարդ, ևս 16-ը վնասվածքներ են ստացել: Ոստիկանները ոչնչացրել են 25-ամյա ծագումով մարոկացի ահաբեկիչ Ռեդուան Լակդիմին, ով Ֆրանսիայի քաղաքացի էր: Նա երեկ խանութում պատանդառած այցելուներին ներկայացել է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման անդամ:
Ոստիկանները երեկ ձերբակալել են Լակդիմի հետ առնչություն ունեցող մի 19-ամյա կասկածյալի: Բացի այդ, բերման է ենթարկվել նաև Լակդիմի հետ կապ ունեցող մի կին:
Նախքան խանութ ներխուժելը՝ Լակդիմը երեկ Կարկասոն քաղաքում ևս մեկ մարդու էր սպանել: