Մատչելիության հղումներ

Պետհեղաշրջում ծրագրելու մեջ կասկածվող ուկրաինացի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հացադուլ է հայտարարել


Նադեժդա Սավչենկոն դատարանում, Կիև, 23-ը մարտի, 2018 թ․
Նադեժդա Սավչենկոն դատարանում, Կիև, 23-ը մարտի, 2018 թ․

«Ինձ փակելու քաղաքական որոշում է կայացվել: Այնքան էլ ճիշտ որոշում չէ: Եթե ես մնամ բանտում, ևս մեկ անգամ ցույց կտամ Ուկրաինայի ժողովրդին, թե ինչ ասել է հերոս: Ես հացադուլ եմ սկսում այսօրվանից»,- այսօր դատարանում հայտարարել է Սավչենկոն․ այսօր իսկ պետք է որոշվի նրա խափանման միջոցի հարցը:

Մեղադրող կողմը պահանջում է 60 օրով կալանավորել նրան՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի: Ազատազրկումից առաջ Գերագույն Ռադան, դատախազության միջնորդությամբ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր նախկինում Ռուսաստանի կողմից գերեվարված ռազմական օդաչուին: Պատգամավոր Սավչենկոն, ով նաև Ուկրաինայի հերոս է, դատախազության պնդմամբ՝ ահաբեկչական հարձակումներ է ծրագրել իշխանությունների դեմ, այդ թվում՝ «ցանկացել է ականանետներով պայթեցնել Գերագույն Ռադայի գմբեթը, ողջ մնացած պատգամավորներին էլ սպանել ինքնաձիգերով»:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն երեկ խորհրդարանում ցուցադրել է մի տեսանյութ, որում Սավչենկոն ու նրա վաղեմի ծանոթը, Վլադիմիր Ռուբանը, քննարկում են պետական հեղաշրջման ծրագրի մանրամասները, մասնավորապես, խոսելով նաև «առանցքային քաղաքական դեմքերին, այդ թվում՝ նախագահ Պետրո Պորոշենկոյին ֆիզիկապես վերացնելու» հետ կապված հարցերի մասին: «Ես առաջարկում եմ հեղաշրջում»,- տեսանյութում ասել է Սավչենկոն: «Դրա համար նրանց պետք է վերացնել ֆիզիկապես, ընդ որում՝ բոլորին միանգամից: Դա միակ միջոցն է»,- նաև ասել է Սավչենկոն ու շարունակել․ «Պորոշենկո, Տուրչիոնով, կենտրոնում բոլորին պայթեցնել»:

Վլադիմիր Ռուբանը, որի հետ էլ, ուկրաինական դատախազության պնդմամբ՝ Սավչենկոն պատրաստվում էր զինված հեղաշրջում իրականացնել, զբաղվել է Դոնբասում գերիների փոխանակման հարցերով: Մարտի սկզբներին նա ուկրաինացի իրավապահների կողմից ձերբակալվել է ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից մեծ քանակությամբ զենք փոխադրելու պահին:

Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո Ուկրաինայի հերոսի կոչման արժանացած Նադեժդա Սավչենկոն, ի դեպ, խոստովանել է, որ Դոնբասից զենք է փոխադրել ու Կիևի կառավարական թաղամասը վերացնելու ծրագրեր մշակել: Սավչենկոն, սակայն, պնդել է, թե այդ ամենը «սյուրեալիզմ էր ու քաղաքական սադրանք, որի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ իշխանություններին, որ իրենք էլ են մահկանացու»:

Վերջին տարիներին ուկրաինական դատախազության պահանջով Գերագույն ռադայի թվով 7 պատգամավորներ զրկվել են անձեռնմխելիությունից, սակայն, ինչպես նկատում է ուկրաինական մամուլը, նրանց առնչվող որևէ գործ առայժմ չի հասել դատարան ու չկա երաշխիք, որ Սավչենկոյի գործը կհասցվի տրամաբանական ավարտին: Ի դեպ՝ Միխեիլ Սաակաշվիլիի գործը, որի շրջանակներում Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած վրաց գործիչը նույնպես մեղադրվում է հեղաշրջում նախապատրաստելու մեջ, մինչև այժմ մնում է չհետաքննված:

Ուկրաինայի զինված ուժերի կադրային սպա, նախկին ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի արելքում ծավալված հակամարտության առաջին իսկ օրերից ընդգրկվել է կամավորական ջոկատներից մեկում և Լուգանսկի շրջանում մասնակցել պատերազմական գործողություններին: Ամիսներ անց, 2014-ի հունիսին, նա գերեվարվել և տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ 22 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ սպանությունների և մահափորձ կազմակերպելու մեղադրանքներով:

2016 թվականին Ռուսաստանը Սավչենկոյին փոխանակել է ռուսաստանցի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ: Դեռ ռուսական բանտում գտնվելիս Նադեժդա Սավչենկոն պաշտոնապես դարձել էր Ուկրաինայի ազգային հերոս, պատգամավոր ընտրվել ու ընդգրկվել ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում: Ներկայումս, սակայն, ազգային հերոս Սավչենկոն, իր ոչ միանշանակ քայլերի ու գործողությունների համար, ավելի շատ ընկալվում է որպես սկանդալային քաղաքական գործիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG