Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողվն այսօր հրապարակել է մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ըստ այդմ՝ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է 76 տոկոսից ավելի ձայն։ Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող ցուցանիշ է, ինչի համար այսօր Պուտինը հատուկ ուղերձով շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին՝ խոստանալով նպաստել Ռուսաստանի բարգավաճմանն ու նվազեցնել աղքատությունը, պայմաններ ապահովել նոր աշխատատեղերի ստեղծման համար, կարգավորել սոցիալական և բնապահպանական խնդիրները։
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր «Ռաշա Թուդեյին» տված հարցազրույցում ասել է, թե Պուտինը զարմացել էր, որ այդքան քվե է ստացել: Ընտրություններից անմիջապես հետո, ուշ երեկոյան պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահն ասել էր, թե դեռ մտադիր չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Բանն այն է, որ ըստ ներկայիս Սահմանադրության, սա նախագահի պաշտոնում վերընտրված Պուտինի պաշտոնավարման վերջին ժամկետն է, և նա չի կարող առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին: Իսկ 2030-ին Վլադիմիր Պուտինն արդեն 78 տարեկան է լինելու:
Ռուսաստանի լրատվական և փորձագիտական շրջանակներում արդեն սկսել են քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը․ այդ փոփոխությունները Պուտինին հնարավորություն կտան երկարաձգել իր իշխանությունը։ Վերջինիս խոսնակն այսօր հայտարարել է նաև, թե Վլադիմիր Պուտինի նպատակը բարեփոխումների իրականացումն է, այդ թվում՝ նաև սահմանադրական բարեփոխումները: Սակայն, ըստ Պեսկովի, նախագահը մտադիր չէ երկրի հիմնական օրենքը փոխել «հօգուտ սեփական քաղաքական ծրագրերի»:
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը դա չի արել 2008-ին: Այն ժամանակ, հիշեցնենք, նա իշխանությունը չորս տարով փոխանցել էր Դմիտրի Մեդվեդևին։ Ի դեպ՝ հենց Մեդվեդևի պաշտոնավարման օրոք կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում էլ նախագահության ժամկետն ավելացվեց 2 տարով:
Ռուսական մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Նոր ԱԳ նախարարի հնարավոր թեկնածությունների թվում հաճախ նշվում է հենց Դմիտրի Պեսկովի անունը: «Ռաշա Թուդեյին» տված հիշյալ հարցազրույցում, ի դեպ, նա անդրադարձել է նաև արտաքին քաղաքական ոլորտին առնչվող մի շարք հարցերի: Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների վերաբերյալ նա, մասնավորապես, ասել է, թե Ռուսաստանն ու նախագահ Պուտինը ցանկանում են կարգավորել այդ հարաբերոթյուններն այնքան, որքանով դա հնարավոր է:
«Մենք հուսով ենք, որ լավ կլինի։ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության պահպանման լուրջ անհրաժեշտություն կա: Երբ առկա են այնպիսի լուրջ հակամարտություններ, ինչպիսիք են սիրիականը կամ կորեականը, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության անհրաժեշտություն կա»,- ասել է Պեսկովը, հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներն ուշ թե շուտ կհանդիպեն ու կքննարկեն առկա բոլոր հարցերը։