Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը քննում է կոռուպցիայի մասին ազդարարած և այդ պատճառով դատված ՀՀ քաղաքացու հայցը


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին աշխատակից Հրաչյա Հարությունյանի հայցը․ վերջինս տարիներ առաջ ՀԷՑ-ի սեփականտեր՝ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ»-ի թեժ գծին անանուն նամակ էր ուղարկել, որում տեղեկացրել էր իր բացահայտած՝ կազմակերպված հանցավոր շղթայի մասին, ինչի հետևանքով ընկերությունը միլիոնավոր դրամների հասնող վնասներ է կրել։

Հարությունյանին, սակայն, դատի էին տվել զրպարտության հոդվածով՝ պարտավորեցնելով վճարել 5 միլիոն դրամ, որպես փոխհատուցում։ Ըստ նրա փաստաբան Արա Ղազարյանի, Հրաչյան ընկերության կայքում հայտնաբերում է մի հասցե, որը հենց նախատեսված է եղել կոռուպցիայի մասին առցանց տեղեկոըթյուններ փոխանցելու համար, ընդ որում կայքում նշված է եղել, որ գաղտնիությունը երաշխավորվում է:

Փաստաբան Արա Ղազարյանը հավելում է՝ արդեն աշխատանքից ազատված Հարությունյանն իր բացահայտած կոռուպցիոն շղթայի մասին հայտնել էր ՀԷՑ-ի նախկին սեփականատեր՝ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ»-ի թեժ գծին ուղարկված անանուն նամակով: Այն, սակայն, հանրայնացվել էր, Իսկ ՀԷՑ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեռ 2012-ին, զրպարտության հոդվածով դատի էին տվել Հրաչյա Հարությունյանին։

«Այսինքն՝ մարդն ազդարարում է կոռուպցիայի մասին, և փոխանակ նրան պատվեն, փոխանակ հասարակությունը կամ տվյալ հիմնարկը շնորհակալ լինի, նրան պատժում են, պատժում են քաղաքացիական ակտիվիզմի համար: Սա տիպիկ ազդարարներին վերաբերող գործ է, և հենց այդ հիմքով է․ 10-րդ հոդված՝ արտահայտվելու ազատություն կամ տեղեկություն տարածելու ազատություն: Եվ ես գանգատը տարել էի Եվրոպական դատարան»,- «Ազատությանն» ասաց Հարությունյանի փաստաբան Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանում Հրաչյա Հարությունյանը կարողացել է ապացուցել, որ անանուն նամակ ուղարկելով՝ ինքը որևէ մեկին չի զրպարտել, քանի որ, ըստ Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի սահմանման, վիրավորանքը կամ զրպարտությունը կարող է արտահայտվել միայն հրապարակային տեսքով: Վերաքննիչ դատարանը, սակայն, զրպարտության հիմքեր է գտել և պարտավորեցրել Հարությույնյանին՝ վճարել 5 միլիոն դրամ ու ներողություն խնդրել։

«Մեր հիմնական արգումենտն այն էր, որ նա տեղեկություն է տվել ոչ հրապարակային եղանակով: Այդ դեպքում անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե զրպարտում է»,- նշում է փաստաբանն ու տարակուսում՝ գաղտնի կերպով ուղարկված փաթեթը «հանկարծ» հայտնվում է պաշտոնյաների ձեռքում:

«Ինքը համեստ միջոցներով ապրող մարդ է, նրա տունն արդեն քանի տարի է՝ արգելանքի տակ է, դրված է հարկադիր վաճառքի, մեքենան արդեն վաճառել են, այսինքն՝ ինքն իր քաղաքացիական ակտիվության պատճառով տուժում է»,- նկատում է Արա Ղազարյանը: Ըստ նրա՝ թեև հիմա վաղ է խոսել հաղթանակի մասին, բայց լուրջ օրենսդրական հիմքեր կան կարծելու, որ Հրաչյա Հարությունյանը Եվրոպական դատարանում կշահի: Եթե հայաստանյան իրավապահները հաշվի առնեին այդ հիմքերը, ապա պետք է ոչ թե դատապարտեին, այլ պաշտպանեին հանցագործության մասին ազդարարած քաղաքացուն, ասում է փաստաբանը։

«Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը բավարար միջոցներ ունի, որպեսզի Հրաչը պաշտպանվեր, նույնիսկ եթե գաղտնիության պայմաններում ասված խոսքում ճշմարտացի ինֆորմացիա չկա, թեև նա ամեն ինչ ապացուցել էր: Ստացվում է, որ Հայաստանի դատարանները Հրաչին, որպես ազդարարի, բավարար երաշխիքներ չեն տվել, խախտվել է տեղեկություն տարածելու նրա իրավունքը»,- հավելում է Արա Ղազարյանը:

Հայաստանյան դատարանում արդարադատության չհասած Հարությունյանը փաստաբան Արա Ղազարյանի հետ դիմում է Եվրոպական դատարան՝ պնդելով, որ խախտվել է իր՝ տեղեկություններ տարածելու իրավունքը: Ըստ փաստաբանի, Հրաչյա Հարությունյանն ուղղակի ազդարար էր, ում Հայաստանի իրավապահները պետք է հատուկ պաշտպանության տակ առնեին, մինչդեռ դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև զրպարտության հոդվածը մեկնաբանվել է հօգուտ ՀԷՑ-ի պաշտոնյաների։

2015 թվականին, երբ ՀԷՑ-ը էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման հայտ ներկայացրեց իրավասու հանձնաժողովին, մամուլը սկսեց հարցեր հնչեցնել՝ ի՞նչ պատճառով է այդ ընկերությունը ֆինանսական լուրջ կորուստներ կրել, որքանո՞վ է արդյուանվետ եղել ՀԷՑ-ի կառավարումը: 2015-ի ամռանն էլ շուրջօրյա բողոքի բազմամարդ ակցիաներ սկսվեցին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ «Հրաչը 2013-ին բացահայտել էր այն, ինչն իմանալու դեպքում ժողովուրդը երկու տարի անց պետք է փակեր Բաղրամյան պողոտան, պատկերացնում ե՞ք այդ ինֆոմացիայի լրջությունը»,- ասում է Ղազարյանը:

Իսկ այժմ 65-ամյա Հրաչյա Հարությունյանը, վաստակած հանգիստը վայելելու փոխարեն, դեռ զրկանքներ է կրում իր ակտիվության համար, ասում է նրա փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG