Մատչելիության հղումներ

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրինագծերի փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ


Armenia -- Parliament session, 23March, 2018

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում այսօր ընդդիմության և իշխանության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ դարձավ։

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը պնդեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդունված խորհրդարանական կառավարման ձևը օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանափակվում է․ - «Ահա այսպես է լինում, որ Հայաստանում բացահայտվում է կեղծ խորհրդարանական կառավարման համակարգը: Ըստ էության, գործող իշխանությունները որևէ նպատակ չեն ունեցել երկիրը պառլամենտական կառավարման տանելու, և այդ պրոցեսը այսօր ակնհայտ, ցայտուն երևում է»:

Ներկայացված նախագծով ուժային կառույցերի ղեկավարներին նշանակում է վարչապետը և նա է պատասխանատու ուժայինների գործողությունների համար։

«Ելք» խմբակցությունը առաջարկել էր Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը դարձնել նախարարություններ, որպեսզի նախարարները պատասխանատու լինեն այդ կառույցերի գործունեության համար, մինչդեռ Հանրապետականը պնդում է, որ վարչապետը պատասխանատու կլինի։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ «սուպերվարչապետ» ստեղծելու մեղադրանքներին և պնդեց, որ այս տերմինը օգտագործողները, ցավոք, չեն ընդունում, որ լայն լիազորությունները նաև պատասխանատվություն են ենթադրում․ - «Եվ այդ տեսակետից մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, ես ուղղակի այդ տերմինը օգտագործում եմ, որովհետև դա շատ է օգտագործվում, այլ մենք ստեղծում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող իր ժողովրդի առաջ, իր պառլամենտի առաջ ունեցող վարչապետ»:

Մարուքյանին այս պնդումները չհամոզեցին: Նա ասաց, որ խորհրդարանական վերահսկողություն այս դեպքում հնարավոր չէ իրականացնել․ - «Սահմանադրությամբ նախատեսված հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորները կարողանային հարց տալ ՆԳ նախարարին, կամ Ոստիկանության նախարարին, Ազգային անվտանգության նախարարին: Հիմա որ վարչապետին հարց տան, ասենք, Գեղարքունիքի մարզում մի ոստիկանի կողմից արվածի մասին, նա տեղյա՞կ է լինելու դրա մասին․․․ որ ասում եք՝ վարչապետը դրա համար պատասխան կտա: Ո՞ւմ պատասխան կտա: Վարչապետը ոստիկանների համար պետք ա պատասխան տա՞ էս խորհրդարանում: Կամ լսումներ, որ լինի, վարչապետի՞ն ենք հրավիրելու»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց ընդդիմությանը՝ պնդելով, թե այս քայլով բարձրացնում են ուժային կառույցների քաղաքական պատասխանատվության մակարդակը․ - «Երբ որ մենք ուժային կառույցները, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, այդ թվում նաև վերահսկողական ծառայությունը դնում ենք ուղիղ վարչապետի ենթակայության տակ, մենք սրանով բարձրացնում ենք այդ կառույցների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Եվ քաղաքական պատասխանատուն այս կառույցների դառնում է վարչապետը: Մենք ավելի ենք բարձրացնում էդ քաղաքական պատասխանատվությունը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից պնդեցին, որ իրենք չեն ընդունում նաև Կառավարության նիստերը փակ անցկացնելու տարբերակը: Նիստերը բաց անցկացնելու իրենց առաջարկը, սակայն, հանրապետականները մերժել են։

Իշխող ուժի ներկայացուցիչները պնդեցին, որ այս մոդելով աշխատելն ավելի արդյունավետ է։

Կեղծ խորհրդարանական համակարգ ստեղծելու մեղադրանքին անդրադարձավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պնդելով, թե դա «թյուր կարծիք է»․ - «Իրականում ժողովրդավարությունը ամենևին չի նշանակում ամենաթողություն»:

Այսօր խորհրդարանը արտահերթ նիստում ընդամենը 3 ժամում քննարկեց օրակարգի բոլոր 10 նախագծերը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը առաջարկեց աշխատել առանց ընդմիջման: Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն հասկանում, թե ուր են շտապում հանրապետականները՝ ընդմիջումները պետք են ներկայացված նախագծերի հետ կապված հարցեր քննարկելու համար։

«Կարծում եմ, բոլորս պիտի հասկանանք, որ մեր աշխատատեղը էստեղ է: Եվ եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան»):

«Էս ընթացակարգով նույնիսկ չենք հասցնում գլխի ընկնենք ինչ ա տեղի ունեցել նախագծերում: Մենք դեմ ենք», - հայտարարել Նիկոլ Փաշինյանը («Ելք»):

Հարցը դրվեց քվեարկության և որոշվեց նիստերն անցկացնել առանց ընդմիջման։ Չնայած ընդդիմադիրների մտահոգություններին, խորհրդարանը այսօր օրենքի նախագծերի բոլոր փաթեթներն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG