Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում: «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք: Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին», - հայտարարել է նա:
Ու թեև Սերժ Սարգսյանը նաև ասել էր՝ «այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին», ընդդիմախոսները այս հայտարարությունները գնահատում են իբրև հաստատում, որ նա է լինելու Հանրապետական կուսակցության թեկնածուն վարչապետի պաշտոնում:
Այս մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: