Մատչելիության հղումներ

Արդեն 4-րդ անգամ Երևանում է և վաղը երեկոյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի լավագույն դիրիժորներից մեկը՝ Լիոն Շամբադալը:

Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Ջութակի կոնցերտը, Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը և Շումանի առաջին սիմֆոնիան: Մենակատարն է երիտասարդ, բայց արդեն հանրահայտ ջութակահար Ասի Մատաթիասը:

Ի դեպ, նրանք առաջին անգամ են միասին հանդես գալու և առհասարակ առաջին անգամ միմյանց հանդիպել են այսօր առավոտյան Երևանում:

«Վաղը մենք պիտի կատարենք շատ գեղեցիկ և դժվար ծրագիր: Միայն գիտակներն են կարողանում այդպիսի ծրագիրը պատշաճ ձևով ներկայացնել մեր հանդիսատեսին», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հայաստանին ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Արման Բադարյանը:

Աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած Լիոն Շամբադալը 1997 թվականից Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը:

Այսօրվա ասուլիսում նա շեշտեց, որ մեծ հաճույքով է Հայաստան գալիս և հանդես գալիս ֆիլհարմոնիկի հետ․ - «Նախևառաջ նվագախումբը շատ եմ սիրում: Բայց վախենում եմ, որ նրանք ինձ ավելի շատ են սիրում, քան ես նրանց»:

Ասաց, որ սիրում է հայերին, սիրում է այստեղի մթնոլորտը, շատ լավ գիտե հայ ժողովրդի պատմությունը, որը շատ սրտամոտ է իրեն, հավելեց, որ շատ է սիրում հայկական պանիրը, ձուկը և կարմիր գինին, և այստեղ Հայաստանում իրեն հրաշալի է զգում, որովհետև այնպիսի մի զգացողություն ունի, որ ասես երկրագնդի մի ուրիշ վայրում է գտնվում:

Նրան այստեղ զարմացնում է, որ մարդիկ այդքան հպարտ են իրենց արվեստով ու մշակույթով: Ասաց, թե աշխարհում ուրիշ այլ երկիր չես գտնի, որ փողոցներում գրողների, դերասանների, երաժիշտների ու նկարիչների ազդագրերն ու լուսանկարները տեսնես․ - «Մենք կոմերցիոն աշխարհում ենք ապրում, իսկ այստեղ կոմերցիան թերևս այնքան էլ հաջողված չէ, այդ իսկ պատճառով դուք մշակույթի աշխարհում եք ապրում»:

Նա ցավով նշեց, որ արևմտյան տարբեր երկրներում տարեցտարի նվագախմբեր են փակվում՝ ֆինանսների բացակայության պատճառով: Օրինակ, Հռոմում, նրա փոխանցմամբ, միայն վերջերս 4 նվագախումբ է փակվել՝ այդ թվում Հռոմի սիմֆոնիկ նվագախումբը:

Լիոն Շամբադալի համոզմամբ, Եվրոպայում ֆինանսները, քաղաքականությունն առհասարակ կլանում են մշակույթը, մարդիկ օրեցօր ավելի ու ավելի նյութապաշտ են դառնում:

Բայց, աշխարհահռչակ դիրիժորի խոսքով, քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, միշտ էլ վախեցել են երաժիշտներից, որովհետև «մենք ամբողջ աշխարհում նույն լեզվով ենք խոսում՝ երաժշտությամբ»:

Նրա խոսքով, ի տարբերություն Եվրոպայի, Արևելքում, մասնավորապես Չինաստանում, դասական երաժշտության զարգացումը շատ բարձր մակարդակ ունի: Այնտեղ մարդիկ գնահատում են բարձրարվեստ երաժշտությունը:

Երիտասարդ ջութակահար Ասի Մատաթիասը համոզված է, որ փողը, քաղաքականությունը ամբողջ աշխարհում մեծ դեր են խաղում, բայց եթե մարդկային հասարակությունը կարողանա իրապես գնահատել արվեստի, մշակույթի և մասնավորապես դասական երաժշտության արժեքը, կփայփայի այն, որովհետև «արվեստից ու մշակույթից ավելին մարդկությունը չի կարող ստեղծել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG