Գերմանիայի կառավարությունը դատապարտում է Սիրիայի Արևելյան Գուտայում օդային հարձակումները, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
Դամասկոսի մերձակայքում գտնվող այդ բնակավայրում վերջին շաբաթներին շարունակվող ահեղ մարտերը Մերկելն անվանել է ամենադաժանը՝ մեղադրանքների սլաքն ուղղելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի և դրա դաշնակից Կրեմլի ուղղությամբ։
Արևելյան Գուտայում Ասադի բանակի և զինված ընդդիմության միջև ռազմական գործողություններն ավելի քան հազար մարդու մահվան պատճառ են դարձել, այդ թվում՝ 215 երեխայի:
Անցյալ ամիս Ռուսաստանը 5-ժամյա «մարդասիրական դադար» էր հայտարարել Արևելյան Գուտայում, որը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 27-ին, սակայն այն պարբերաբար խախտվում էր, բախումներն ու ռմբակոծությունները չէին դադարում: Միջազգային կառույցները հայտարարել էին, որ հնարավոր չէ սիրիացիներին օգնություն հասցնել այդ պայմաններում:
Դամասկոսի անմիջական հարևանությամբ գտնվող այս շրջանում ավելի քան 400 հազար խաղաղ բնակիչ է ապրում: Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, ռմբակոծություններն իրականացնում էին ինչպես Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները, այնպես էլ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը:
Կանցլերի խոսքերով՝ անթույլատրելի է իրավիճակը նաև սիրիական Աֆրինում, որտեղ հունվարից քրդերի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում Թուրքիան։
«Այն, ինչ տեղի է ունենում Աֆրինում, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ հետապնդումների են ենթարկվում, սպանվում կամ ստիպված տեղահանվում են, անընդունելի է, չնայած Թուրքիայի ազգային անվտանգության շահերի մասին հիմնավորումներին», - ընդգծել է Մերկելը։
Գրեթե երկու ամիս շարունակված «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում, հիշեցնենք, թուրքական բանակի ստորաբաժանումներն անցած կիրակի օրը լիակատար վերահսկողություն սահմանեցին քրդաբնակ Աֆրին քաղաքի նկատմամբ: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ շրջանի շուրջ 323 հազար բնակիչների երկու երրորդն այժմ փախստական է։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվրամիության առաջատար անդամ Գերմանիայի կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է նաև փախստականների խնդիրներին՝ հավաստիացնելով, թե Գերմանիան շարունակելու է փախստականներ ընդունել, սակայն երկրում կեցության իրավունք ստացած անձինք պետք է ինտեգրվեն։