Մատչելիության հղումներ

«Մենք չենք տեսնում այն ճանապարհը, որով հնարավոր է իշխանափոխություն անել առանց զինված միջամտության». Գորգիսյան


«Լուսավոր Հայաստան»-ը չի տեսնում այն ճանապարհը, որով կարող է առաջիկա մի ամսվա ընթացքում իշխանափոխություն իրականացնել առանց զինված միջամտության, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Նա վերահաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի լավագույն ժամանակը եղել է 2017-ի ապրիլի 2-ը՝ խորհրդարանական ընտրությունների օրը։

«Այսօր «Լուսավոր Հայաստան»-ը չի տեսնում այն ճանապարհը, որով կարող է առաջիկա մի ամսվա ընթացքում իշխանափոխություն իրականացնել առանց զինված միջամտության, այսպես ասենք։ Խաղաղ ճանապարհով մենք չենք տեսնում այսօր, որ հնարավոր է մի ամիս ինչ-որ գործողություններ անել և հասնել իշխանափոխության։ Մեր ասած բոլոր փողոցային ակցիաներն ուղղված են հանուն մեր թեկնածուի, մեր ծրագրերի, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկի դեմ են, այլ ինչ-որ բանի համար են, և հենց այստեղ էլ կա էդ կոնցեպտուալ տարբերությունները», - հայտարարեց Գորգիսյանը:

Հարցին, թե կուսակցությունը ձեռքերը ծալա՞ծ է նստելու, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ձեռքերը ծալած մենք երբեք չենք նստելու, և «Լուսավոր Հայաստան»-ը, կամ ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ, որ հիմա կա, իր գոյությամբ, իր ստեղծման օրվանից պայքարում է Սերժ Սարգսյանի վերարտադրման, այսպես ասած, իշխանության հարատևման դեմ։ Ամեն մի քաղաքացի, որ միանում է մեր կուսակցությանը, դա արդեն մի քաղաքացի է, որ էլ չի ընտրելու միանշանակ Սերժ Սարգսյանին։ Ամեն մի մարզում բացված գրասենյակը հակակշիռ է այդ մարզում Հանրապետականի գրասենյակին, և մենք ամեն օր պայքարում ենք Սերժ Սարգսյանի վերարտադրման, հարատևման դեմ և դա անում ենք առանց հանգստանալու, դա անում ենք առանց հետընթացի որևէ կերպ։ Օր-օրի մենք շատացնում ենք մեր շարքերը, օր-օրի մենք շատացնում ենք էն մարդկանց թիվն, ովքեր հավատում են մեր գաղափարներին, նույնիսկ եթե չեն միանում մեր կուսակցությանը, բայց դառնում են կուսակցության համակիրներ, և սրանով իսկ ուժեղանալով մենք կարող ենք հասնել նրան, որ լինի դա ընտրություններով կամ առանց ընտրությունների, բնականաբար՝ գերադասելի է միշտ ընտրությունները, էդ ճանապարհով մենք հասնենք իշխանափոխության»։

Գորգիսյանը նշեց՝ եթե այսօր տեսնեին իշխանափոխության հնարավորություն, պայքարողների առաջին շարքերում կլինեին։

«Էս պահին մենք չենք տեսնում որևէ հնարավորություն, որ կարող ենք անել իշխանափոխություն, որովհետև եթե մենք հստակ տեսնեինք այդ հնարավորությունը, մենք առաջին շարքերում կլինեինք։ Մեր ստեղծման նպատակը՝ գալ իշխանության, քաղաքականություն մտնելու ցանկացած ուժի նպատակն իշխանության գալն է, որպեսզի երկիրը տանի զարգացման այն ճանապարհով, որին ինքն է տեսնում», - ասաց նա:

Նշենք, որ քաղաքական մի քանի ուժեր հայտարարել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար սկսելու մասին, այդ թվում՝ «Ելք» դաշինքի մաս կազմող Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG