Հայաստանի նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ:
Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը, փոխգործելիության հարթակի ստեղծման և ապահովման անհրաժեշտությունը, ժամանակակից աշխարհում գործող թվային համակարգով մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը:
«Կարծում եմ, որ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ կառավարման արդյունավետության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մեր գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է: Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաև կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի և աշխատանքներն առաջ տանի: Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, և լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով և այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք և տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել»,- ասել է նախագահ Սարգսյանը: