Մատչելիության հղումներ

Կարապետյանը չի հրաժարվում վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության մասին իր հայտարարությունից


Կարեն Կարապետյանը չի հրաժարվում իր խոսքերից, թե պատրաստ է ապրիլին նորից ստանձնել վարչապետի պաշտոնը՝ չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ դեմ չէ Հանրապետականի կողմից առաջադրվել վարչապետի թեկնածու:

Փոխարենը Կարապետյանը չի ասում, թե պատրաստ է արդյոք դառնալ առաջին փոխվարչապետ:

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կարեն Կարապետյանին հիշեցրեց մամուլի հրապարակումները, թե շուտով Կարապետյանին առաջին փոխվարչապետի աթոռն է բաժին հասնելու․ - «Քաղաքական կայունության հարցն է, որ Ձեր հարցազրույցում դեկտեմբերի 27-ին ընդունել եք, որ վարչապետի հարցը քանի որ առկախված է, դա ազդում է նաև բիզնեսի վրա, և կայունության խնդիր կա։ Հիմա ի՞նչ կարծիքի եք: Քանի որ այդ թնջուկը ոչ թե ավարտվում է․․․ հիմա ոնց որ թե պատրաստ եք, որ Դուք առաջին փոխվարչապետն եք աշխատելու: Դա կկայունացնի՞ բիզնես միջավայրը Հայաստանում, էդ անորոշությունը կվերանա՞, կսկսի՞ արդեն տնտեսությունը զարգանալ»:

Վարչապետն արձագանքեց․ - «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է: Եվ մեր խնդիրն ա, որպեսզի մենք այնպիսի համակարգ ստեղծենք, որպեսզի անձին կախված բիզնեսը շատ արձագանքը, սպասումները կամ համարձակությունը բիզնես անել թե չանել, պակասի: Բայց մենք պետք է ֆիկսենք, որ մարդիկ կան, որոնք դրան արձագանքում են»:

Հիշեցնենք, ավելի վաղ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ շեշտել է, որ դեմ չէ ապրիլից ևս գլխավորել Կառավարությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանի հետ որեւէ պայմանավորվածություն չունի այս հարցում․ - «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ: Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան որ կարողություն ունեմ այդ աշխատանքին տրամադրելով: Ի՞նչ եմ ուզում անել: Կարող ա մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար ներողություն եմ խնդրում, որովհետև առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում․․․ ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ»:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց 2016 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով հրաժարական տված, հետագայում Հանրապետական կուսակցությունից դուրս եկած Հովիկ Աբրահամյանին:

Պաշտոնը ստանձնելիս Կարապետյանն ասել էր, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Մեկուկես տարի անց խորհրդարանում վարչապետն այսօր ավելի լավատեսական գնահատականներ էր հնչեցնում․ - «Մենք չենք ասում է՝ բոլոր մեր խնդիրները մենք լուծել ենք, բայց ինչ վերաբերում է փոքր, միջին բիզնեսը․․․ շնչահեղձ ա լինում, համենայն դեպս վիճակագրությունը ցույց ա տալիս, որ փոքր ու միջին բիզնեսը աճել ա: Եվ մենք Կառավարությունում ռեգուլյալ բիզնես պայմանների լավացման, հեշտացման վրա աշխատում ենք: Մենք հստակ գիտենք ինչն ենք փոխել, մենք հստակ գիտենք մեր փոխածի որ մասն ա բերել տնտեսական աճի վրա: Եվ իհարկե, ես դրան հավատացած եմ, որ յուրաքանչյուր մեր սփյուռքահայության ներկայացուցիչը կարող է մասնաբաժին կազմել և մաս կազմել մեր երկրի զարգացման մեջ»:

Նոր վարչապետի առաջադրումները ապրիլի 9-ից 16-ն են:

Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց․ «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

Դեռ 2014 թվականին նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունները՝ Սարգսյանն ասել էր, որ չի հավակնի վարչապետի աթոռին և ավելին՝ վստահություն հայտնել, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG