Մատչելիության հղումներ

Թուրքիան և ԱՄՆ-ն Մանբիջի հարցում փոխըմբռնման են հասել, բայց համաձայնություն դեռ չկա․ Չավուշօղլու


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, Անկարա, 16-ը փետրվարի, 2018 թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, Անկարա, 16-ը փետրվարի, 2018 թ․

«Թուրքիան և Միացյալ Նահանգները Մանբիջի շուրջ համաձայնության չեն հասել, բայց փոխըմբռնման են հասել»: Այսօր կայացած մամլո ասուլիսին նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով՝ աշխատանքային խումբը ճանապարհային քարտեզ է մշակել․ եթե ամերիկյան կողմն այն ընդունի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել համաձայնության մասին:

Թուրքիայի ԱԳ նախարարի ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ առաջին հերթին քրդական ուժերը պետք է դուրս բերվեն Մանբիջից, թուրքերն ու ամերիկացիներն էլ պետք է հետևեն այդ գործողությանը: Անկարան չի պանաջում, որ Մանբիջում գտնվող ամերիկյան զորախմբերը ևս դուրս գան այնտեղից: Չավուշօղլուն ասել է նաև, թե Մանբիջով չեն սահմանափակվելու՝ հերթը հասնելու է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս բնակավայրերին: Նրա խոսքով՝ Մանբիջը կարող է այդ շրջանում անվտանգությունը միասնաբար ապահովելու «մոդել» հանդիսանալ:

Անցած կիրակի Սիրիայի քրդաբանակ Աֆրինը գրավելուց հետո Թուրքիան այժմ էլ բարձրաձայնում է Աֆրինից 100 կիլոմետր հեռավարության վրա գտնվող Մանբիջի հարցը: Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին» Անկարան ահաբեկչական կազմավորում է համարում, պնդելով, որ նրանք աղերսվում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Քրդերի հարցում Անկարան կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, հետևողականորեն պաշտպանելով իր շահերը: Անկարան մշտապես պնդել է, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումը Եփրատի արևելյան ափին: Մանբիջը Եփրատից արևելք ընկած հատվածի ամենախոշոր բնակավայրն է: Այս տարվա հունվարի վերջին թուրքական զինստորաբաժանումները մտան Սիրիայի հյուսիս-արևելյան շրաջաններ: «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական այդ գործողության նպատակը Եփրատից արևելք ընկած շրջանները քրդերի վերահսկողություից ազատելն է:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարտի վերջերին Վաշինգտոնում հանդիպեն երկու կողմերի աշխատանքային խմբերը: Սակայն Թիլերսոնի պաշտոնանկությունից հետո այդ բանակցությունները, հնարավոր է՝ հետձգվեն, օրերս ասել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Անկարան հուսով է, որ ԱՄՆ պետքարուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածության հաստատումից հետո թուրք-ամերիկյան բանակցություները կշարունակվեն:

Այսօրվա ասուլիսում Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին մեղադրել է նախկինում տված խոստումնենրը չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ դեռ 2016-ին ԱՄՆ-ն խոստացել էր, որ քրդական ջոկատները դուրս կգան Մանբիջից, ինչը տեղի չի ուենցել: «Դա նշանակաում է, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը», - ասել է Չավուշօղլուն:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով Անկարայում, ասել է, թե կանգ չեն առնի, քանի դեռ չեն վերացրել «սահմանի մյուս կողմից եկող սպառնալիքները»: «Մենք արդեն այդ ճանապարհին ենք, և ոչ ոք մեզ չի կանգնեցնի»,- հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG