Մատչելիության հղումներ

Հոգեբուժարաններում կոպտագույն խախտումներ են արձանագրվել․ Օմբուդսմեն


Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանյան բոլոր հոգեբուժարաններում արձանագրվել են կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ օրենքով չնախատեսված ռետինե առարկաներով, սավաններով ու գոտիներով զսպման միջոցների, նաև ժամկետանց դեղերի կիրառում: Այսօր ներկայացնելով հոգեբուժարաններում առկա վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ այս մասին հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մտահոգիչ խնդիրն այն է, որ պրակտիկայում կիրառվում են օրենքով չնախատեսված հարկադրանքի միջոցներ: Դրանք այա ոլորտում կոչվում են զսպման միջոցներ: Օրինակ՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում կիրառվում են, այսպես կոչված, ռետինե լարեր, նույն հաստատությունում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում՝ սավանի կտորներ, ամուր գործվածքից (ոչ կաշվե) պատրաստված գոտիներ, օգտագործում են նաև սինթետիկ գործվածքից պատրաստված գոտիներ:

Այս միջոցների կիրառումը սահմանված չէ հրամանով, թեև դրանք կարող են պրակտիկայում ունենալ արդյունավետություն, բայց դրանք չունեն իրավական հիմք, և մեր կարծիքով՝ առանձին դեպքերում կարող են վտանգել պացիենտների առողջությունը: Ֆիզիկական զսպումը հիմնականում իրականացվում է հիվանդասենյակներում, մյուս պացիենտների ներկայությամբ, որին երբեմն մասնակցում են նաև պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները: Սա նույնպես անթույլատրելի է և հակասում է օրենսդրությանը»,- ասաց Արման Թաթոյանը, նշելով, որ նման պրակտիկա առկա է, օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:

Թեև օմբուդսմենը հոգեբուժարաններում անօրինական զսպման միջոցների կիրառումը բռնություն չի համարում, բայց պնդում է, որ իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Դա ներգործություն է: Բռնություն չէի անվանի՝ ֆիզիկական ներգործության միջոց, էսպես ասեմ: Այս առումով՝ ես կարծում եմ, որ դրանց կիրառումն անօրինական է և պետք է առաջացնի պատասխանատվության հարց: Դրանք նախ պետք է ստուգվեն վարչական վարույթի կարգով, իրավասու մարմնի (առողջապահության նախարարության) կողմից, և դրա հիման վրա կարող է որոշվել՝ եթե, ասենք, հիմքեր են հայտնաբերվում, որ էդտեղ ապօրինության հարց կա, ապա պետք է ուսումնասիրություն կատարեն իրավապահ մարմինները: Մենք հիմա փորձում ենք հասկանալ խնդիրը»,- շարունակեց օմբուդսմենը:

Ուսումնասիրություններով նաև արձանագրվել են ժամկետանց դեղերի ու բժշկական պարագաների կիրառում, ինչի առթիվ, Թաթոյանի փոխանցմամբ՝ իրենք արդեն դիմել են դատախազություն: Առկա խախտումների ու խնդիրների պատճառը միշտ չէ, որ ֆինանսավորման պակասն է, նկատում է օմբուդսմենը․ «Կան խնդիրներ, որոնք ոչ մի ֆինանսավորում չեն պահանջում, օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի կոպիտ խախտումները հոգեբուժական կազմակերպություններում, կամ մատյանների անփույթ վարելը, կամ ընդհանրապես չվարելը: Սա, ես կարծում եմ՝ նաև վերապատրաստաման, իրազեկման աշխատանքների պակասի պատճառով է»:

Թաթոյանի խոսքով՝ հոգեբուժարաններում հիմնական հարցերից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրվող կենսաթոշակի տնօրինումը․ օրինակ՝ երբեմն այդ գումարի մի մասը խնամքի համար տրվում է բուժհաստատությունների աշխատակիցներին: Տարածված խնդիր է նաև հոգեբուժարանների գերծանրաբեռնվածությունը: «Հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց զգալի մասը հաստատությունում է գտնվում ոչ թե բժշկական օգնության տրամադրմամբ, այլ խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը, սակայն, չի կարող ապահովվել հոգեբուժական կազմակերպությունից դուրս խնամք իրականացնող մասնագիտացված հիմնարկների անբավարարության պատճառով»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանի գրասենյակն ունի հոգեբուժական հաստատություններ անարգել մուտք գործելու իրավունք: Ըստ Թաթոյանի՝ երբեմն իրենց այցերը օրեր են տևել: Օմբուդսմենի դիտարկմամբ՝ վատագույն վիճակը Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում է, բայց խախտումներ եղել են բոլոր տեղերում: «Առանձին դեպքերում անհրաժեշտ են հրատապ քայլեր, առանձին դեպքերում էլ պետք է շարունակել այն դրական նախաձեռնությունները, որոնք կան»,- ասաց Թաթոյանը:

Նախորդ տարվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը մշտադիտարկման այցեր է կատարել ութ հոգեբուժական հաստատություններ, որոնցից երեքը Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո է, մեկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մյուսները՝ մարզպետարանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG