Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է անում անհապաղ չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը


Թուրքիա - 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձին մասնակցելու մեջ մեղադրվող զինվորականներին ուղեկցում են դատարան՝ զանգվածային դատավարության համար, մայիս, 2017թ․
Թուրքիա - 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձին մասնակցելու մեջ մեղադրվող զինվորականներին ուղեկցում են դատարան՝ զանգվածային դատավարության համար, մայիս, 2017թ․

«Թուրքիայի իշխանությունները շարունակում են զանգվածաբար ոտնահարել մարդու իրավունքները երկրի տարածքում` տասնյակ հազարավոր մարդկանց զրկելով ազատությունից, ինչպես նաև իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից», - պնդում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները:

ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցը երեքշաբթի օրը առանձին զեկույցով անդրադարձավ Թուրքիայում ստեղծված կացությանը` այն «ապշեցուցիչ վատ» բնութագրելով: Զեկույցի հեղինակները պնդում են, որ Թուրքիայի իշխանությունների կողմից դեռ 2016-ի ամռանը՝ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի պարարտ հող է ստեղծում:

«Արտակարգ դրության 18 ամիսների ընթացքում մոտ 160 հազար մարդ ձերբակալվել է, 152 հազար քաղաքացիական ծառայողներ հեռացվել են աշխատանքից, նրանցից շատերը՝ կամայական որոշումների հիման վրա: Բազմաթիվ ուսուցիչներ, դատավորներ և փաստաբաններ կամ զրկվել են աշխատելու հնարավորությունից, կամ էլ ենթարկվել են քրեական հետապնդման: Ձերբակալվել են նաև բազմաթիվ լրագրողներ, լրատվամիջոցներ կան, որոնց գործունեությունը կամայականորեն դադարեցվել է, արգելափակվել են նաև որոշ կայքեր: Հստակ է, որ արտակարգ դրության ռեժիմի անընդհատ երկարաձգվող գործողությունը օգտագործվում է բազմաթիվ մարդկանց իրավունքների կամայական և խիստ սահմանափակման համար», - Ժնևում, ներկայացնելով ՄԱԿ-ի զեկույցը, հայտարարում էր Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին:

ՄԱԿ-ի փորձագետները նաև պնդում են, որ թուրքական իշխանությունները ձերբակալվածների զգալի մասի նկատմամբ կտտանքներ են կիրառել, այդ թվում՝ դաժան ծեծ, սեռական բռնություններ և էլեկտրահարում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը կոչ է անում պաշտոնական Անկարային անհապաղ քայլեր ձեռնարկել երկրում ստեղծված աղետալի վիճակը շտկելու համար:

«Զեկույցը կոչ է անում Թուրքիային անհապաղ կերպով չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը, վերականգնել պետական հաստատությունների բնականոն աշխատանքը, չեղարկել այն բոլոր օրենքները, որոնք հակասում են Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում ՝այսպես կոչված արտակարգ հրամանագրերը», - նշում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:

Զեկույցի հրապարակումից մի քանի ժամ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` պնդելով, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Բին Ռաբադը «Թուրքիային վերաբերող հարցերում կորցրել է իր անկողմնակալությունը` առաջնորդվելով նախապաշարմունքներով»:

«Զեկույցը իմաստազուրկ է, քանի որ ամբողջությամբ անտեսում է ահաբեկչական բնույթի այն բազմաթիվ լուրջ սպառնալիքները, որոնց բախվում է այսօր Թուրքիան: Զեկույցի հեղինակները նաև անտեսում են մարդու իրավունքների ոլորտի վրա հուլիսի 15-ի հեղաշրջման ունեցած ազդեցությունը՝ հեղաշրջում, որ վտանգում էր մեր երկրի գոյատևումն ինքնին», - նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG