Մատչելիության հղումներ

Ապարանի հիվանդանոցի տնօրենի մրցույթը Արագածոտնի մարզպետարանում այսօր անցավ լարված մթնոլորտում։

Պաշտոնի համար պայքարի են դուրս եկել երկու թեկնածուներ՝ գործող տնօրեն Հայկ Շմավոնյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։

Գործող տնօրենը, սակայն, մրցույթի առաջին՝ գրավոր փուլից դուրս մնաց, բանավոր փուլին անցնելու անհրաժեշտ միավորները չհավաքեց։

Մրցույթի նախօրեին «Ազատության» հետ զրույցում Շմավոնյանը համոզված ասում էր, որ երեք անգամ մրցույթում հաղթելուց և մոտ երկու տասնամյակ հիվանդանոցը ղեկավարելուց հետո, այս անգամ ևս կհաղթի․ - «Ինչի՞ չէ, որ: Աշխատել եմ, աշխատում եմ, ծրագրեր ունեմ»:

Ուշագրավ է, որ Շմավոնյանի օրոք հիվանդանոցի ֆինանսական ոլորտում հայտնաբերվել են որոշակի խախտումներ և Քննչական կոմիտեում դեռ 2016 թվականին քրեական գործ է հարուցվել։ Շմավոնյանը վկայի կարգավիճակով մեկ անգամ հարցաքննվել է։

Դեռևս գործող տնօրենը պնդում է, որ քննությունը կապացուցի, որ որեւէ խախտում չի եղել։ Եվ քանի որ չկա իր դեմ ուժի մեջ մտած վճիռ, ինքը կարող էր մասնակցել մրցույթին․ - «Սա իմ չորրորդ մրցույթն է»:

Իր ղեկավարած հիվանդանոցի մասին գոհունակությամբ խոսող Հայկ Շմավոնյանը հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե հիվանդանոցը ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցրել․ - «Ընթացիկ պարտքեր ունեցել ենք, օպտիմալացում ենք արել․․․ և արդեն համարյա թե պարտքեր չունենք»:

Նրա մրցակից Նարեկ Վանեսյանը տարիներ առաջ Իջևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։ Վանեսյանը հաղթահարելով առաջին՝ գրավոր փուլը՝ չանցավ երկրորդը՝ բանավորը։ Պահանջվող 4 միավորից նա հավաքեց 3-ը։

Վանեսյանը, սակայն, դժգոհեց՝ հանձնաժողովի նախագահ, Արագածոտնի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը նպատակաուղղված իրեն բարձր չգնահատեց:

Նա պնդում է, թե Արագածոտնի փոխմարզպետը փորձում էր անել հնարավորը, որ ինքը չանցնի հաջորդ փուլ, փոխարենը աջակցում էր գործող տնօրենին․ - «Հանձնաժողովի համար բավականին զարմանալի էր, որ մրցույթի մյուս մասնակիցը թեսթի փուլում կտրվեց, և սա իրենց համար չնախատեսված ֆորսմաժորային իրավիճակ էր: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահի կողմից կողմնակալ վերաբերմունքը բավականին ցայտուն էր: Համոզում էր անդամներին, որ մյուս թեկնածուն ճիշտ ա պատասխանել․․․»

Վանեսյանն ասում է, որ նման մրցույթները անցկացվում են տնավարի՝ առանց օրենքի տառը պահպանելու։ Նա արդեն բողոքարկել է գրավոր փուլի արդյունքները Առողջապահության նախարարություն։ Դրանից հետո պարզ կլինի՝ Վանեսյանը կանցնի հաջորդ փույլ, թե կնշանակվի նոր մրցույթ։

«Ազատ մտածող կադրեր ցանկացած համակարգ չի ուզենա ունենալ, որովհետև անկախ մտածող կադրը նաև իշխելու ենթակա չէ», - ասաց նա:

Արագածոտնի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ինքը կողմնակալ չէր․ - «Եթե բողոքարկում կա, խնդրեմ: Դա իր իրավունքն է»:

Փոխմարզպետն ասաց՝ միավոր ստանալու համար մասնակիցը պետք է հարցին ամբողջական պատասխան տա։ Նշեց, որ նման կերպ է աշխատում նաև մարզպետարանի կադրերը ընտրելիս․ պարտավոր են հարցին պատասխանել բառ առ բառ։

Փոխմարզպետն ասաց՝ ինչ վերաբերում է հիվանդանոցի շուրջ հարուցված քրեական գործին, քանի դեռ չկա ուժի մեջ մտած վճիռ, գործող տնօրեն Հայկ Շմավոնյանը կարող էր մասնակցել մրցույթին։ Նաև ասաց՝ մարզպետարանն աուդիտի է ենթարկել բուժհաստատությունը, բայց ինքր արդյունքներից տեղյակ չէ։ Նյութերն ուղարկել են քննչական կոմիտե։

Նշենք, որ հարուցված քրեական գործը առնչվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, խարդախությանը, յուրացմանը կամ վատնելուն, պաշտոնեական կեղծիքին:

Կոմիտեից փոխանցեցին, որ արդեն ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, որով ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալները չեն հաստատվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG