Մատչելիության հղումներ

Երևանում գումարվեց Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստը


Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Այսօր Երևանում գումարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ:

Նիստը բացել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում շնորհավորել է ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, մանրամասն ներկայացրել հոկտեմբերին Երևանոմ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

«Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանն ընտրվել է որպես 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը: Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ գագաթնաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

«Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը և ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը և բարօրությանը: «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին․ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և ընդգծելով միասին ապրելու ունակության կարևորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Գագաթնաժողովի կարևոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների և մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու և գործարար միջավայը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթնաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց», - ասել է Նալբանդյանը:

«Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Նախատեսում ենք նաև ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»։ Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը», - հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG