Մատչելիության հղումներ

Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում համատարած թալան է


Սիրիա - Թալանը Աֆրինում, 18-ը մարտի, 2018թ․
Սիրիա - Թալանը Աֆրինում, 18-ը մարտի, 2018թ․

Համատարած թալան և փախստականների թվի շարունակվող աճ`այսպես կարելի է բնութագրել այն իրադրությունը, որ ստեղծվել է սիրիական Աֆրին քաղաքում վերջին 24 ժամերին:

«Գավառի 323 հազար բնակիչների երկու երրորդն այժմ փախստական է», - պնդում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները` նշելով, որ նրանցից 104 հազարը սեփական օջախները լքել են վերջին երեք օրերին: «Եվս 10 հազար փախստականներ այժմ հայտնվել են ճակատային գծերի միջև` փորձելով Աֆրինից անցնել Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջաններ», - այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Դրան զուգահեռ՝ համացանցում հայտնված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները արդեն իսկ զբաղված են գրեթե անմարդաբնակ Աֆրինի թալանով: Զինյալները յուրացնում են ամեն ինչ` ընտանի կենդանիներից ու գազի բալոններից մինչև տրակտորներ ու մոտոցիկլետներ: Աֆրինում մնացած հատուկենտ բնակիչները արդեն իսկ խոստովանում են, որ զղջում են իրենց այդ որոշման համար:

«58 օր շարունակ այստեղ կատարյալ դժոխք էր: Մենք հույս ունեինք, որ «Սիրիական ազատ բանակի» մուտքը Աֆրին խաղաղություն կբերի մեզ: Սակայն տեղի ունեցավ հակառակը: «Ազատ բանակի» զինվորները թալանում են մեզ` նրանք առգրավում են մեր մեքենաները, խանութները, տները: Մենք մեր սեփական քաղաքում կարծես անտուն լինենք: Ոչ սնունդ կա, ոչ ջուր, ոչ էլ անվտանգություն», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Աֆրինի բնակիչներից մեկը:

CNN-ի տեղեկություններով՝ Աֆրինի մերձակա ճանապարհներին քաղաքում թալանված ապրանքները դուրս բերող բեռնատարների այնպիսի քանակություն է կուտակվել, որ պարբերաբար խցանումներ են առաջանում:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը երկուշաբթի երեկոյան հաստատեց, որ Աֆրինում թալանի դեպքեր են արձանագրվել` պնդելով, թե դա անկարգապահ շարքային զինյալների գործողությունների հետևանք է:

Աֆրինում ծավալված այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին պաշտոնական Անկարան հայտարարում է, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում շարունակվելու է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքից պարզ դարձավ, որ Անկարայի թիրախ կդառնան այն բոլոր շրջանները, որոնք գտնվում են սիրիացի քրդերի վերահսկողության տակ:

«Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանների հանդեպ վերահսկողություն սահմանելով` մենք ավարտին հասցրեցինք «Ձիթենու ճյուղ» գործողության ամենակարևոր փուլը: Այժմ մենք շարունակելու ենք [շարժվել] Մանբիջի, Այն ալ-Արաբի, Ռաս ալ-Այնի և Ղամիշլիի ուղղությամբ, մինչև չվերացնենք [ահաբեկիչների կողմից օգտագործվող] այդ միջանցքները», - հայտարարում էր Էրդողանը երկուշաբթի օրը Անկարայում` թուրք դատախազների ու դատավորների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ի դեպ, թուրքական բանակը կարող է չսահմանափակվել Սիրիայի տարածքում իրականացվող գործողություններով` հատելով նաև Իրաքի սահմանն ու վնասազերծելով այդ երկրի հյուսիսում գործող քուրդ զինյալներին:

Մի քանի ժամ առաջ էլ Անկարայում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահը կրկին կոշտ քննադատություն հնչեցրեց Միացյալ Նահանգների հասցեին` հերթական անգամ պնդելով, որ քրդական ուժերի գլխավոր հովանավորը հենց Վաշինգտոնն է:

«Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք պետք է հարգանք տածեք մեր նկատմամբ և մեզ հետ համատեղ գործեք: Բայց դուք մեզ պարզապես խաբում եք: Դուք 5 հազար բեռնատար զենք եք ուղարկել սիրիացի քրդերին: Բայց երբ մենք ենք փորձում ձեզանից զենք գնել, դուք հրաժարվում եք այն մեզ վաճառել: Արդյո՞ք այս ամենը որևէ աղերս ունի ռազմավարական գործընկերության կամ համերաշխության հետ», - դիմելով ամերիկացիներին՝ այսօր հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG