Մատչելիության հղումներ

«Ելք» խմբակցությունը չմասնակցեց «Երկիր Ծիրանի»-ի օրակարգ ներկայացրած հարցի քննարկմանն ու լքեց նիստը


Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց «Երկիր Ծիրանի»-ի հասցեին հնչող քննադատության տարափով:

Օրակարգը հաստատելուց հետո, Ելքը մեղադրանքի սլաքն ուղղեց ընդդիմադիր կանանց կողմ ու հայտարարեց` Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելը «առնվազն ոտնձգություն է Հայաստանի ազգային հերոսի հիշատակի դեմ»։

Նշեմ, որ այսօրվա օրակարգում տեղ է գտել ընդդիմադիր խմբակցության երկու նախագիծ․ առաջինով առաջարկվում է Պարոնյանի անվան թատրոնից դեպի Արտաքին գործերի նախարարություն տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ և նրա արձանը տեղադրել Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում։ Երկրորդով՝ տեղադրել 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

«Ելք»-ից Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել 2008 թվականին հետընտրական արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակը, բայց ոտքի կանգնեցին միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմն ու ավագանու հանրապետական անդամները մնացին նստած։

Վերադառնալով օրակարգին՝ «Ելք»-ը հայտարարեց՝ «Երկիր Ծիրանի»-ի երկու նախագծերը փոխկապակցված են։ Ընդդիմադիր կանայք Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելու հարցը հիմնավորել էին, ըստ Զարուհի Փոստանջյանի, 1996 թվականին Վազգեն Սարգսյանի հնչեցրած հայտնի նախադասությամբ՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100
տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

«Ակնհայտ է դառնում, որ սա միտում է, պատվեր, ու զազրելի պատվեր», - հայտարարեց «Ելք» խմբակցությունից Տիգրան Տեր-Մարգարյանը:

«Ո՞վ եք դուք, որ նման մեծերին կպնեք, վերլուծություն անեք ու գնահատական տաք: Դուք ամբողջ կյանքում ձախողել ու քանդել եք: Արածներդ էլ ցածորակ ներկայացում է՝ հանրահավաք, երթ, հեծանվավազք․․․ Քսան մարդ չեք կարողացել ձեր կողքը հավաքել, որ ձեր ունեցած երկու պլակատը բռնեն», - հավելեց նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Բիզնես շահի, պատվերի հետ կապվեցին «Երկիր Ծիրանի»-ի օրակարգում հայտնված նախագծերը։ Անգամ հայկական կեղծ Ժաննա դ՚Արկի բնորոշում տվեցին ընդդիմադիր կանանց։

Զարուհի Փոստանջյանը մեղադրեց իր նախկին կուսակից Անահիտ Բախշյանին, «Սերժ Սարգսյանի ձեռքերից մեդալ է ստացել», բայց հիմա ընդդիմության շարքերից է խոսում․ - «Իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ են ստանում»:

Բախշյանն արձագանքեց․ - «Ես խմբակցության որոշմամբ եմ ստացել այդ մեդալը»:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, թե
քաղաքապետ Տարոն Մարգարյանը միտումնավոր է հարցն այդքան արագ օրակարգ մտցրել: Այնինչ, երբ որ իրենք էին առաջարկում անվանափոխել փողոցները, հարցն ավելի ուշ ավագանու դատին դրվեց․ - «Հանրապետականները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատեսը լինեն երկու ընդդիմադիր ուժերի բախմանը՝ հարց ու պատասխանի և ելույթների տեսքով»:

Խաժակյանի հավաստմամբ՝ իրենք ունեն այնքան քաղաքական հասունություն, որ սադրանքին չեն տրվում։ Ասաց ու 14 անդամներով դուրս եկան դահլիճից՝ այդ հարցերի քննարկմանը չմասնակցելու համար։

Ներսում մնացին Հանրապետականն ու «Երկիր Ծիրանի»-ն: Վերջինիս ղեկավար Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին ու հակադարձեց՝ իրենք պարտավոր են գնահատական տալ անցած 25 տարի բռնապետությանը, և այստեղ պատվեր չկա․ - «Եթե շահարկում է տեղի ունենում, շահարկողները դուք եք: Դուք եք Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերություն արել․․․ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության սպասարկողները հենց այս մարդիկ են, ովքեր այսօր «Ելք» են ներկայացնում: Սերժ Սարգսյանին սպասարկողներն էլ եք դուք: Այնպես որ, ձեր անունները, ձեր կեղտը և ձեր անբարոյականությունը կարիք չկա փաթաթել մեկ այլ ուժի կամ այլ անձի նկատմամբ»:

2 նախագծերի վերաբերյալ ելույթներով էլ հանդես եկան ավագանու հանրապետական անդամներ Գրիգոր Մինասյանն ու Լևոն Իգիթյանը։ Ճարտարապետ Իգիթյանին վրդովել էր հատկապես այն, որ «Երկիր Ծիրանին» քաղաքապետարանին սպառնում է դատի տալ․ - «Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս: Դու ո՞նց ես ինձ տալի տալի»:

Իսկ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը քաղաքական պոռնկություն բնորոշեց «Երկիր Ծիրանիի» վարքագիծը․ - «Էժանագին շոուներն ու պարզունակ ղժղժոցը, ցավոք սրտի, մեր հասարակության որոշ հատվածին դեռևս գրավում են: Բայց դա ժամանակավոր է: Նույն կերպ էլ այսօր պոպուլյար են անորակ սերիալները: Վազգեն Սարգսյանի հիշատակին ոտնձգող այս խմբակը ասես դուրս է եկել «Ծիրանի հատիկ» կամ «Ծիրանի դժբախտություն» մի սերիալից»:

Փոստանջյանը հակադարձեց․ - «Ինչ վերաբերվում է քաղաքական անբարոյականությանը, այդ անբարոյականությունը Ձեր եղբորը պատկանող լրատվամիջոցների այդ էկրաններից հրապարակվում են: Որոնցից մեկը՝ այդ տգեղ, անբարո սերիալներից մեկի հեղինակը վերջերս Սերժ Սարգսյանից նաև ստացավ Խորենացու մեդալ»:

Ի վերջո քվերակության դրված երկու հարցն էլ մերժվեց Հանրապետականի ձայների գերակշիռ մեծամասնությամբ։ Կողմ քվերակիցին միայն «Երկիր Ծիրանիի» 3 անդամները։ «Ելք»-ը, որ այդ ընթացքում մեդիա սրահից էր հետևում ավագանու նիստին, վերադարձավ դահլիճ։

Ավագանին այսօր քննարկեց և հաստատեց նաև 2017 թվականի բյուջեի կատարողականը, որի արժանացավ «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» անդամների քննադատությանը։ Ընդդիմադիր ուժերը արձանագրեցին՝ բյուջերի գումարները ծախսվել են ոչ արդյունավետ և դեմ արտահայտվեցին նախագծին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG