Մատչելիության հղումներ

Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում արգելել «Չումբո»-ի մուտքը կրթական հաստատություններ


Անցյալ տարվա մայիսին մանկապատանեկան դիսկոտեկներ կազմակերպած և մասնագետների քննադատությանն արժանացած «Չումբո» նախաձեռնող խումբը օրերս հայտարարեց, որ հանդիպել է Կրթության նախարարին և փոխնախարարին և «երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին»։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը լուրը հայտնելուց բացի, նաև տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից, որտեղ Կրթության նախարար Լևոն Մկրչտյանը ծրագրի մասին դրական է արտահայտվում․ - «Ինքը լավ ծրագիր ա: Ուրեմն մենք պետք է նախ հասկանանք ում հետ գործ ունենք՝ ինստիտուցիոնալ իմաստով, ովքե՞ր են․․․ հիմնադրամ են ստեղծում․․․»

«Չումբո» նախաձեռնող խմբի ղեկավարը նախարարի հետ քննարկմանն անգամ հանդիմանում է կրթության պատասխանատուներին, այդ թվում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին՝ պնդելով, որ առանց աջակցության 850 միլիոն դրամի ներդրում են անել երեխաների ժամանցի համար․ - «Մենք պետության կողմից ի՞նչ աջակցություն ունենք․․․ Ոչ մեկ չեն ասում՝ այ երիտասարդներ ջան, սենց հսկա բան եք անում, էկեք մի բանով քյոմագ անենք ձեզ․․․ Ավելին ասեմ՝ 850 միլիոն դրամ ա դրվել էդ ծրագրի մեջ, մեկը տասը դրամ չի տվել, ոչ էլ քաղաքապետարանը»:

Անցյալ տարի «Ազատությունը» հետևել է խմբի գործունեությանը, ներկա է եղել Երևանի ավելի քան 10 դպրոցների 1-10 դասարանների աշակերտների համար միաժամանակ կազմակերպված խրախճանքին կամ դիսկոտեկին։ Տոթ և պատշաճ օդափոխություն չունեցող սրահում դասերից հետո հարյուրավոր քաղցած երեխաների վաճառվում էր ջուր, չիպսեր, տորթեր: Բացի այդ, դպրոցականներին փարթիի տարածք էին բերել քաղաքապետարանի հատկացրած տրասպորտով, դահլիճը ևս հատկացվել էր անհատույց։

Հետևաբար ընդհանուր առմամբ, հայտնի չէ, թե ինչ 850 միլիոն ներդման մասին էր նախարարին հայտնում Սմբատ Հակոբյանը, ով պնդում էր, որ «հայանպաստ գործ են անում»։ Այսօր վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց։

Կրթության ոլորտի կազմակերպությունների և անձանց միավորող «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն» այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ անհանգստություն հայտնելով «Չումբո» նախաձեռնող խմբին աջակցելու և սատարելու Կրթության նախարարության պատրաստակամության վերաբերյալ։

«Տպավորություն ունենք, որ այն անձինք, ովքեր հանդիսանում են նախաձեռնող խմբի անդամներ, և ղեկավարները լիահույս չեն, որ որևէ ձևով կապ ունեն կամ տեղեկացված են, թե ինչպես պետք է կրթությունը ու հանրակրթությունը կազմակերպվի, և հանրակրթության ներսում, որպես կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս, ժամանցը երեխաների ինչպես պետք է կազմակերպվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանը:

Նրա խոսքով՝ Ֆեյսբուքում տարածված տեսանյութը միանգամից գրավել է իրենց նախաձեռնության անդամների ուշադրությունը, ուսումնասիրել են «Չումբոյի» և նախաձեռնության ղեկավարի ֆեյսբուքյան էջերը, այնտեղ տեսել լատինատառ, ուղղագրական սխալներով գրառումներ, գարեջրի դատարկ շշերով լուսանկարներ, անգամ մերկապարուհու նկար, և զարմացած են, թե ինչպես է հաջողվել այս խմբի անդամներին մեկ սեղանի շուրջ հավաքել Հայաստանի կրթության գլխավոր պատասխանատուներին, երբ բազմաթիվ ծանակշիռ առաջարկներ կամ ծրագրեր իրականացնող անձանց այդպես էլ չի հաջողվում հանդիպել նախարարի հետ։

«Մենք կոչ ենք անում կրթության ոլորտի պատկան մարմիններին, որպեսզի չհամագործակցեն այդ խմբի հետ, որովհետև անհասկանալի են այն չափանիշները, որով փորձ է արվում համագործակցել այս կազմակերպության հետ՝ հաշվի առնելով այն, որ նախորդ տարի իրենք փորձել էին և՛ ծնողներից գումար վերցնել, և՛ այն, ինչ որ իրենք խոստացել էին, չէին իրականացրել: Եվ ընթացքում էլ, որպես վաճառք իրականացրել էին կարտոֆիլային չիպսերի և գազավորված ըմպելիքների վաճառք երեխաների համար, որը, գիտենք, սննակարգի տեսակետից վնասակար է երեխաներին»:

Նախաձեռնության հայտարարությունում նաև նշվում է. - «ՀՀ ԿԳ նախարարը դեռևս մեկ տարի առաջ խոստացել էր դիտարկել «Չումբո»-ի գործունեությունը։ Մինչդեռ ամիսներ անց տարածված տեսանյութը և ֆեյսբուքյան գրառումները փաստում են, որ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են ունենում և իրենց ծրագրերի իրականացման համար աջակցություն ստանում ոլորտի պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներից։ Կոչ ենք անում պատասխանատու պետական մարմիններին արգելել «Չումբո» նախաձեռնող խմբի մուտքը կրթական հաստատություններ՝ աշակերտների ժամանցի կազմակերպման նպատակով»։

Այսօր օրվա առաջին կեսին Կրթության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Չումբոն» ապատեղեկատվություն է տարածել, ավելացնելով, որ «հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ նախարարը պահանջել է ներկայացնել գրավոր ծրագիր, բայց մինչ օրս չի ստացել այն, և խոսք չի կարող լինել «Չումբո»-ի հետ ունեցած պայմանավորվածության մասին»։

Լրացուցիչ մեկնաբանություն նախարարությունից հրաժարվեցին տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG