Մատչելիության հղումներ

Վաղը կհրապարակվի Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավճիռը


Մեղադրող դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Սեֆիլյանի համար:

Սեֆիլյանի փաստաբանները, սակայն, հերթական անգամ ահազանգում են, որ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները «շինծու են», իսկ դատավարությունն անցել է «համատարած խախտումների մթնոլորտում»:

Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր:

Սեֆիլյանի փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը պնդում են, որ թեև դատավարությունը տևեց տասն ամիս, բայց մեղադրող կողմն ու դատարանն այդպես էլ չկարողացան ապացուցել Սեֆիլյանին առաջադրված երեք մեղադրանքներից գոնե մեկը:

«Նրան ուղղակի լռեցնել էր պետք, որովհետև առաջին մարդն էր և միակ մարդն էր, ով բարձրաձայն ասեց, որ մենք կորցրել ենք 700 հեկտար հող: Հերքեց իշխանությունը: Բայց հետո փաստերի ճնշման տակ ստիպված էր նաև դա ընդունել: Այնուհետև [Սեֆիլյանը] առաջարկեց, որ ազատամարտիկները, Շուշիի առանձնակի գումարտակը իրենք պատրաստ են հետ վերադարձնել կորցրած տարածքները: Դրանից կարճ ժամանակ հետո նա ուղղակի ձերբակալվեց և կալանավորվեց: Մեղադրանքները բացարձակապես անհիմն են, չփաստարկված», - ասաց Արայիկ Պապիկյանը:

«Չկա գոնե կիսատ ապացույց, որ Սեֆիլյանը կապ ունենա ձևակերպված արարքների հետ: Չնայած գործում բազմաթիվ են ապացույցները կապված զենքի հետ, խոսակցություններ կան, որ անձինք գնացել են, մեքենա են վարձակալել, խոսակցություն ա եղել և այլն, զենքեր են տարել-բերել: Երկու հոգի իրար հետ խոսում են, Սեֆիլյանի անունը տալիս են, դրանով հանցագործությունը կպնում ա Սեֆիլյանին», - հավելեց Տիգրան Հայրապետյանը:

Պապիկյանի փոխանցմամբ, շուրջ տասն ամիս ընթացած դատական նիստերի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանն անհարկի սանկցիաներ է կիրառել Սեֆիլյանի, նրա փաստաբանների, նույնիսկ դատարանի դահլիճի ապակուց այն կողմ գտնվող ներկաների նկատմամբ:

Պապիկյանը պնդում է, որ իրենք՝ Սեֆիլյանի փաստաբանները, ելույթի կամ հայտարարությունների հնարավորություն դժվարությամբ են ստացել, որովհետև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բացառապես բոլոր նիստերի ընթացքում միտումնավոր հայացքը չի շրջում դեպի իրենց․ - «Որպեսզի դատավորը մեզ նկատի ստիպված աղմկում էինք, գրիչով հարվածում սեղանին և այլն․․․»

Փաստաբանը նաև հիշեցնում է, որ դատարանը խոչընդոտում էր Սեֆիլյանի փաստաբանների մուտքը դատարան, այդպիսով, առանց ամբաստանյալի կարծիքը հայտնելու՝ գործով հանրային պաշտպաններ ներգրավում:

Շուրջ 10 ամիս ընթացած դատական նիստերի ընթացքում, ըստ Պապիկյանի, նախագահող դատավորի ամենակոպիտ խախտումը Սեֆիլյանին ելույթի հնրավաորությունից զրկելն էր․ - «Տասը ամսից ավել դատավարություն, քառասունից ավելի դատական նիստեր, որոնց ընթացքում երբևէ նրան թույլ չի տրվել խոսել»:

Տիգրան Հայրապետյանի պնդմամբ՝ սա դատավարություն չէ, այլ քաղաքական հաշվեհարդար Սեֆիլյանի նկատմամբ․ - «Սա խայտառակություն ա, աչքակապություն էր էստեղ․․․ Չի կարելի էս ընթացակարգերը դատարան համարել»:

Սեֆիլյանի փաստաբաններն այլ ելք չեն տեսնում, քան Եվրոպական դատարան դիմելը:

Նրանց կարծիքը կիսում է նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով այս ամիսների ընթացքում հետևել է Սեֆիլյանի գործին․ - «Կարելի է եզրակացնել, որ այս դատավարությունը ամբողջովին շինծու, ոչ-օբյեկտիվ և որևէ կերպ Ժիրայր Սեֆիլյանի մեղքը չապացուցող դատավարություն է: Եվ ցավոք սրտի, հարնության մեջ և իրավապաշտպանների մեջ ողբերգական լռություն կա․․․ այն առումով, որ բոլորը գիտեն, որ դատավճիռը լինելու է բավական կոշտ, բայց՝ ոչ մի բանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG