Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր»


Վլադիմիր Պուտինն ընտրությունները շահելուց հետո դիմում է աջակիցներին, Մոսկվա, 18 մարտի, 2018թ.
Վլադիմիր Պուտինն ընտրությունները շահելուց հետո դիմում է աջակիցներին, Մոսկվա, 18 մարտի, 2018թ.

«Պուտինը մնում է, ինչպեսև Ռուսաստանի հիմնախնդիրները». այսպես է արձագանքել Ռուսաստանի գործող նախագահի համոզիչ հաղթանակին Handelsblatt ​գերմանական պարբերականը՝ նշելով, որ «իշխանությունը բոլոր պայմաններն էր ապահովել Պուտինի վերընտրության համար»:

Ըստ պարբերականի՝ տհաճ թեկնածուներին նախապես զրկել են առաջադրվելու հնարավորությունից, գրանցված թեկնածուները միմյանց վրա ցեխ են շպրտել, իսկ հեռուստածրագրերի գլխավոր ու միակ դրական կերպարը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն էր:

«Ռուսաստանի պառակտված ընդդիմությունը պետք է խոստոնավանի նախընտրական ռազմավարության կոպիտ ձախողումները: Նախկինում Պուտինը ներկայացել է որպես տնտեսական բարեփոխական, իսկ հիմա նա Ռուսաստանի կայունության, ռազմական հզորության և անվտանգության խորհրդանիշն է», - գրում է Handelsblatt-ը:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ խոսել է Պուտինի վերընտրության մասին՝ ասելով․ - «Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր, բայց մենք ունենք Ռուսաստանի կարիքը միջազգային խոշոր խնդիրների կարգավորման համար: Եվ դրանից ելնելով, մենք ցանկանում ենք պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Միաժամանակ, մենք ակնկալում ենք Ռուսաստանից կառուցողական ներդրում՝ ավելին, քան եղել է վերջին ժամանակաշրջանում»:

Ճապոնիայի պետական քարտուղար Հոշիդե Սուգան նշել է, որ Ռուսաստանը «կարևոր գործընկեր է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում․ - «Մենք հուսով ենք, որ մեր երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նախագահ Պուտինի վերընտրությամբ»:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյունգը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Պուտինի առաջնորդությամբ կշարունակի կայուն զարգացումը և ավելի մեծ դեր կկատարի միջազգային ասպարեզում:

«Չինաստանն ամենայն անկեղծությամբ շնորհավորում է Պուտինին: Մենք մշտապես սատարելու ենք ազգային հայեցակարգով զարգացումը շարունակելու Ռուսաստանի ձգտումները», - ասել է Հուա Չունյունգը:

Եվրոպայում Պուտինի ընդդիմախոսներից առավել կոշտ դիրքորոշում է հայտնել ռուսների կողմից հարձակման ենթարկված և Ղրիմից զրկված Ուկրաինայի ղեկավարը:

«Ռուսաստանի նախագահական ընտրությունների իրավակարգությունը կասկածի տակ է ոչ միայն ժամանակավորապես գրավված Ղրիմում ապօրինի քվեարկություն անցկացնելու պատճառով: Դա ընդհանրապես քաղաքական ֆարս էր, որը կապ չուներ ընտրությունների դեմոկրատական ըմբռնման հետ: Դա ընտրություն էր առանց ընտրության, առանց քաղաքական մրցակցության, առանց խոսքի ազատության», - ասել է Պորոշենկոն:

Այսօր ռուսաստանյան ընտրություններին անդրադարձել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, գերմանացի օրենսդիր Միխաել Գեորգ Լինքը: Նրա փոխանցմամբ, մարտի 18-ի նախագահական ընտրություններն անցկացվել են «վերահսկվող իրավական և քաղաքական մթնոլորտում», «առկա էր քննադատական կարծիքների շարունակական ճնշում»: Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններն իրականացրել է «արդյունավետ և բաց եղանակով»: Արգելքները և թեկնածուների գրանցման կարգը, Լինքի խոսքով, սահմանափակել են քաղաքական ներգրավվածությունը և նվազ դարձրել մրցակցությունը:

«Թեկնածուներին տրվել է քարոզարշավը հիմնականում ազատ անցկացնելու հնարավորություն, սակայն գործող նախագահի ոչ-քննադատական լուսաբանումն անհավասար դաշտ է ստեղծել: Ընտրությունների օրն անցկացվել է կանոնակարգված, եղել են քվեարկության գաղտնիությանը և քվեների ամփոփման թափանցիկությանն առնչվող թերացումներ», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Լինքը:

Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Կուբայի, Վենեսուելայի, Չինաստանի, Սերբիայի և տասնյակ այլ պետությունների ղեկավարներ:

Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից առնվազն այս պահի դրությամբ շնորհավորական ուղերձներ չկան: Դրանք, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն առաջիկա ժամերին:

Արևմուտքում նշում են, որ 65-ամյա Պուտինը 2024 թվականին կլինի 72 տարեկան, և գուցե կորոշի ևս մեկ անգամ առաջադրվել: Արդյո՞ք նա կցանկանա ղեկավարել 77 տարեկանում՝ 2030 թվականին: Համենայն դեպս, ինքը Պուտինը երեկ ասել է, թե բնավ մտադիր չէ 100 տարեկանում լինել նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG