Մատչելիության հղումներ

«Հայ և լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ». Մարեկ Ռոցկի


Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ երեկ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Մարեկ Ռոցկին, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության համար, նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ, և հավելել, որ ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան:

«Տպավորված եմ: Դժվար է այստեղից անտարբեր դուրս գալ», - ասել է Մարեկ Ռոցկին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG