Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը չմասնակցեց «Երկիր Ծիրանի»-ի օրակարգ ներկայացրած հարցի քննարկմանն ու լքեց նիստը


Դավիթ Խաժակյան, արխիվ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով։

Նախագծով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ և նրա արձանը տեղադրել Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ:

Խմբակցությունը նաև օրակարգ է բերել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին հարցը։

Ավագանու հանրապետական անդամներն այստեղ սադրանք են տեսնում։ «Տիկին Փոստանջյան, ինչպե՞ս կբացատրեք, որ երկու տարբեր նախագծեր ներկայացրել եք մեկ իրավական ակտի նախագծով, եթե ես տեսականորեն նախագծի մեկ հարցին կողմ եմ, իսկ մյուսին՝ դեմ, ինչպե՞ս պետք է քվեարկեմ», - ասաց Անուշ Հայրյանը։

Մարտին Վարդազարյանն էլ հավելեց. - «Ձեր խմբակցությունը երկու հարց ներկայացրել է համատեղ՝ միանգամից, այստեղ արդեն սադրանքի իսկապես նախագիծ մտածված քայլը կա, ընդունեք, արդեն որպես իրավաբան»։

«Ելք»-ը ևս քննադատեց երկու նախագծերը՝ նշելով, որ դրանք փոխկապակցված չեն։

«Ելք»- խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միտումնավոր է հարցն այդքան արագ օրակարգ մտցրել, որովհետև, երբ որ իրենք էին առաջարկում անվանափոխել փողոցները, հարցն ավելի ուշ օրակարգ մտցվեց։

«Սա հատուկ արված է, որպեսզի Հանրապետականը տեսնի և վայելի երկու ընդդիմադիր խմբակցությունների բախումը» - ասաց Խաժակյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, և լքեցին նիստերի դահլիճը։

Երկու նախագծերն էլ քվեարկության արդյունքում մերժվեցին:

Նշենք նաև, որ «Ելք»-ից Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը, սակայն Հանրապետական խմբակցության ավագանու անդամները ոտքի չկանգնեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG