Մատչելիության հղումներ

Թրամփի քննադատությունից օրեր անց աշխատանքից հեռացվել է ՀԴԲ փոխտնօրեն Էնդրյու ՄքՔեյբը


ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը մարտի 16֊ին՝ ուշ երեկոյան, աշխատանքից հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փոխտնօրեն Էնդրյու ՄքՔեյբին։ Վերջինս արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապերի հետաքննության գործում «կողմնակալ վերաբերմունք» ցուցաբերելու համար։

Սեշընզը հայտարարել է, որ ՄքՔեյբին աշխատանքից հեռացնում է՝ վերջինիս թոշակի անցնելու տարիքը լրանալուց երկու օր առաջ՝ ՀԴԲ֊ի գլխավոր վերստուգողի և Մասնագիտական պատասխանատվության մարմնի ցուցումով։ Գլխավոր դատախազն ասել է, թե վերոհիշյալ մարմինները «եզրակացրել են, որ պրն. ՄքՔեյբը առանց թույլտվության գաղտնիքներ է բացահայտել լրատվամիջոցների առաջ, և մի շարք դեպքերում ստել է՝ անգամ երդման տակ»։

Հիշեցնենք՝ 9 ամիս առաջ էլ Թրամփը աշխատանքից հեռացրել էր ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, կրկին Ռուսաստանի հետ իր նախընտրական շտաբի կապերի հետաքննության գործի կապակցությամբ։

ՄքՔեյբին իր 50-ամյա հոբելյանից երկու օր առաջ աշխատանքից հեռացնելով՝ իշխանությունները նրան, փաստորեն, զրկում են լիարժեք թոշակ ստանալու հնարավորությունից։ Ընդ որում, տեղի ունեցածը կարող է հարցեր առաջ բերել ՀԴԲ փոխտնօրենի հետ Թրամփի ճնշման տակ քաղաքական հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG