Մատչելիության հղումներ

«Թույնը տեղադրել էին Յուլիա Սկրիպալի ճամպրուկի մեջ»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այցելել է ավանը, որտեղ թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, Սոլսբերի, 15 մարտի, 2018թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այցելել է ավանը, որտեղ թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, Սոլսբերի, 15 մարտի, 2018թ.

Ռուս-բրիտանական ճգնաժամը սրվում է:

Լոնդոնում լույս տեսնող The Telegraph պարբերականը, վկայակոչելով Բրիտանիայի հատուկ ծառայությունների անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի ծանր թունավորման պատճառ դարձած «Նովիչոկ» տեսակի նյութը Բրիտանիա է բերվել Յուլիայի ճամպրուկով:

Ինքը Յուլիան թերևս չի էլ իմացել, թե ինչ հրեշավոր նյութ կա ճամպրուկում: Յուլիա Սկրիպալը մարտի 3-ին է Մոսկվայից մեկնել հոր մոտ՝ Բրիտանիա:

Սերգեյ Սկրիպալը բնակվել է Լոնդոնից 140 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Սոլսբերի ավանում: Քննիչների կարծիքով, ճամպրուկը և դրանում տեղադրված հագուստն ու նվերները, հավանաբար, դեռ Ռուսաստանում են մշակվել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Այդ մահաբեր թույնը ժամանակին խորհրդային փակ լաբորատորիաներում ստեղծել են սովետական բանակի և հատուկ ծառայությունների կարիքների համար:

Ըստ The Telegraph-ի աղբյուրի, ռուսական գաղտնի կառույցների գործակալները կարող էին Մոսկվայում մտնել Յուլիայի բնակարան և «Նովիչոկի» ազդեցության ենթարկել Լոնդոն փոխադրելու համար նախատեսված անձնական իրերը:

Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի և MI5 (Military Intelligence-5) անվամբ հայտնի ռազմական հետախուզության փորձագետների համոզմամբ, այլևս կարելի է մի կողմ դնել այն վարկածը, ըստ որի քիմիական գրոհը նախաձեռնած հանցագործներն իրենք են նյութը բերել Բրիտանիա, այսօր առավել արժանահավատ է համարվում Յուլիայի ճամպրուկով «Նովիչոկը» բերելու տարբերակը:

66-ամա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը մարտի 4-ին հայտնաբերել են Սոլսբերիում պարտեզի նստարանին՝ անգիտակից վիճակում: Թունավորում է ստացել նաև նրանց օգնության հասած բրիտանացի ոստիկան Նիք Բեյլին:

Ընդ որում հիմա ենթադրվում է, որ նա ոչ թե նստարանի մոտ է թունավորվել, այլ ավելի ուշ՝ Սկրիպալների բնակարանը զննելիս: Այժմ երեքն էլ Սոլսբերիի հիվանդանոցում կրիտիկական վիճակում են:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին է մեղադրել երեք մարդու թունավորման համար: Մարտի 14-ին նա այդ միջադեպը որակել է «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի նկատմամբ ուժի ապօրինի գործադրում» և հայտարարել է Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին:

Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան երեկ հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Սկրիպալի թունավորումն անվանել են «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի ինքնիշխանության ոտնահարում»: Վարչապետ Մեյը ողջունել է համատեղ դիրքորոշման փաստը:

«Վստահ նկատելի է, որ դրա հետևում ռուսներն են, այդպիսի բան երբեք չպետք է լիներ, մենք և ուրիշները շատ լուրջ ենք սա ընդունում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը:

«Ամեն բան վկայում է այն մասին, որ պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ռուսաստանը, բնականաբար, հերքում է մեղադրանքը և խոստանում է պատասխան քայլերի դիմել: Մինչդեռ, Լոնդոնի և Մոսկվայի սուր վեճն արդեն «բանասիրական-կրթական» աստառ է ստանում:

Երեկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեյվին Ուիլյամսոնն ասել է, թե այս ամենից հետո «Ռուսաստանը պարզապես պետք է մի կողմ քաշվի և ձայնը կտրի»:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է բրիտանացի նախարարին և հեգնանքով ենթադրել, որ Ուիլյամսոնը, հավանաբար, «կրթության պակաս ունի»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ Լոնդոնի խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, ռուս ժողովուրդը կամ Բրիտանիայում ապրող ռուսները: Խնդիրը Պուտինն է:

«Մենք ենթադրում ենք, որ առավել քան հավանական է, որ հենց Պուտինն է որոշել Բրիտանիայում, Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ, թունավոր նյութ կիրառել: Դա է Ռուսաստանի հետ մեր վեճի պատճառը», - ասել է Ջոնսոնը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացահայտ անընդունելի է անվանել Ջոնսոնի հայտարարությունը՝ հավելելով, որ նման մեկնաբանությունը «դիվանագիտական պարկեշտության կանոնների կոպիտ խախտում է»:

Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակն ասել է, որ ամենամոտ ապագայում Մոսկվան կհրապարակի պատասխան որոշումները:

«Երկար սպասելու հարց չկա, դրանք կլինեն լավ մտածված քայլեր, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեն մեր երկրի շահերին», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի իրավապահներն այսօր, իրենց հերթին, հետաքննություններ են սկսել Բրիտանիայում Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման, ինչպես նաև ռուսաստանցի գործարար Նիկոլայ Գլուշկոյի Լոնդոնում օրերս տեղի ունեցած սպանության գործերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG