Մատչելիության հղումներ

Փորձագետ․ «Բաքուն այս պահին աննախանձելի ընտրության առջև է»


Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսը:

«Բաքուն այս պահին աննախանձելի ընտրության առջև է», - «ԼՂ խաղաղության հեռանկարները» երկօրյա միջազգային գիտաժողովում հայտնեց Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսը՝ ներկայացնելով իր հեղինակած զեկույցը:

Եթե ԵԱՀԿ Մինսկի գործընթացը շարունակվի մինչև տրամաբանական եզրահանգումը, ապա Ադրբեջանում մտահոգվում են, որ ի վերջո կլինի վավերացված անջատում: Ուստի քայլ առ քայլ փորձում են հետաձգել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը․ - «Բայց եթե այս գործընթացն անժամկետ շարունակվի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայկական վերահսկողությունն է՛լ ավելի կամրապնդվի: Եվ ժամանակի ընթացքում ավելի քիչ հավանական կդառնա տարածքների, տեղահանված ադրբեջանցիների վերադարձը: Թույլ տա՞լ որ այս գործընթացը օրինակացնի պետության հատվածավորումը, թ՞ե պարզապես կանգնել և սպասել, թե ինչպես է ամրապնդվում հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

2014-ից ադրբեջանցիները դիտարկում են Արևմուտքի արձագանքի մասշտաբը Արևելյան Ուկրաինայի հակամարտությանն և նմանեցնելով այն իրենց կոնֆլիկտին՝ համարում են, որ այստեղ կա երկկակի ստանդարտ: Սա աղավաղել է այն պատկերը, թե կա իրավական միասնական մոտեցում, որից Ադրբեջանը կարող էր օգուտ քաղել․ - «Հենց այս նպատակով Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել այսպես կոչված խավիարային դիվանագիտության մեջ և ամրապնդել այն դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծման դեպքում միջազգային հետևանքները մեծ չեն լինի: Այս անորոշ հեռանկարի պատճառով Ադրբեջանը կասկածելի վերաբերմունք ունի ԵԱՀԿ Միսնկի գործընթացի նկատմամբ»:

«Ադրբեջանը իր ռեսուրներով, ներուժով, կարողություններով փորձում է պարտադրել Հայաստանի գնալ զիջումների՝ անընդհատ համեմատելով Հայաստանի պետական բյուջեն սեփական ռազմական բյուջեի հետ», - ասաց Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիրը՝ հավելելով․ - «Նավթի աճի տարիներին շրջանառվում էր այն գաղափարը, որ պատերազմի ռիսկերը պետք է փոխարինել Հայաստանը սնանկացնելու այլընտրանքով: Ամպրապնդվում էր նաև այն տպավորությունը, որ եթե Ադրբեջանը պարտվեց ճակատամարտը, ապա կհաղթի Հայաստանի հետ սառը պատերազմը»:

Ըստ Բրոերսի՝ 2010-ից հետո հոգեբանական կոմֆորտի այդ գոտին խաթարվել է․ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ արաբական գարունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը անհարմարություններ ստեղծեցին Ադրբեջանի համար:

Նրա խոսքով, 2014 թվականից Ադրբեջանը սկսեց խոսել կրակելու մասին, սահմանագծում լարվածության ավելացումը Հայաստանի հետ բանակցություններում հիմնական լծակը համարեց: Իսկ արդեն 2016-ի ապրիլին ձեռնարկած ռազմական գործողությունները փորձ էր հարցեր լուծել միանգամից մի քանի ուղղություններով․ - «Առաջին գործոնը նավթի գների անկումն էր, այն հրատապ դարձրեց ռազմական ծախսերն արդարացնելու կարիքը: Երկրորդը գործոնը՝ ռուս-թուրքական հարաբերութունների խաթարումն էր: 2016-ի ապրիլին միջազգային հանրությունից մեկուսացած Թուրքիայի բարոյական աջակցությունն Ադրբեջանին, իրոք, մեծ էր: Էրդողանը միակն էր, որ կոչ չարեց դադարեցնել ռազմական գործողությունները, այլ հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանի կողքին մինչև վերջ կանգնել: Երրորդ գործոնը «լավրովյան ծրագիրն էր», որ կողմերին ներակյացվել էր 2015-ին: Ադրբեջանը հնարավոր էր համարել, որ ճնշումն ուժեղացնելով կարող է Հայաստանին ստիպել ընդունել այն: Ադրբեջանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ դրական էին արտահայտվել Լավրովյան ծրագրի մասին, ըստ երույթին, դա նախատեսում էր հիմնարար սկզբունքների փուլային կատարում: Ավելի բացասական էր հայաստանյան գործիչների արձագանքը, ըստ այդմ՝ փուլային և փաթեթային մոտեցումների միջև հակասությունը շարունակվում է և ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէր Լավրովի առաջարկած քայլերի հերթականության մեջ: Հնարավոր է, որ Բաքուն տեսնում էր, որ այդ պահին ռազմական լարվածությունն ավելացնելը Երևանին կստիպի ընդունել Լավրովի ծրագիրը և հասնել իդեալական սցենարի»:

«Տևական ժամանակ է ինքնավարության վերաբերյալ հռետորական խոստումներ ենք լսում, սակայն 25 տարիների ընթացքում Ադրբեջանը գոնե մի փաստաթուղթ չներկայացրեց, որի մեջ մանրամասն կներկայացներ ինքնավարության մասին իր առաջարկը Ղարաբաղի հայերին», - նշեց բանախոսը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանում քաղաքականություն ապահովող կարևոր գործոնը ռեժիմի անվտանգությունն է՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հետխորհրդային միակ երկիրն է, որ օրենքով ընդունել է դինաստիայի իրավահաջորդությունը:

«Ազատությունը» զեկուցողից հետաքրքվեց, թե որքանո՞վ է կարևորում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի օրերս կատարած այցը Վաշինգտոն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կապակցությամբ Բաքուն բողոքի նոտա էր հղել Վաշինգտոնին:

Լորենս Բրոերսը հեռվից եկավ՝ հիշելով նախ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը, երբ վերջիս ձերբակալվեց Լեռնային Ղարաբաղ այցելեուց հետո․ - «Շատ ավելի կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու սահմանափակում չառաջանա մարդկանց մոտ: Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի այցին, ապա չեմ կարծում, որ այն ինչ-որ բան կփոխի: Այդուհանդերձ, ես կարծում եմ, կարևոր է, որ Ղարաբաղի ժողովուրդ աշխարհին ներկայանալու և տարբեր ունկնդիրների մոտ արտահայտվելու ավելի լայն հնարավորություն ունենա: Դա է հիմնական պահանջը հակամարտության ապագա լուծման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG