Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այսօր քարոզարշավի վերջին օրն է


Երեկ տեղի ունեցան նախագահի թեկնածուների վերջին հեռուստաբանավեճերը։

Նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինըերեկ ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին․ - «Համոզված եմ, մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր երկրի ճակատագրի մասին: Ուստի դիմում եմ ձեզ խնդրանքով՝ եկեք և մասնակցեք ընտրություններին»:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ ընտրողների բարձր մասնակցությունն իսկապես կարևոր է: Ռուսական աղբյուրները, հղում անելու նախագահի վարչակազմին, գրել են, որ Կրեմլի համար կարևոր է, որ մասնակցությունը լինի 65 տոկոսի սահմաններում՝ ոչ պակաս, քան 2012-ին, երբ Պուտինը երրորդ անգամ ընտրվել էր նախագահի պաշտոնում, որից հետո ընդդիմությունը ամիսներ շարունակ բազմահազարանոց հանրահավաքներ էր կազմակերպում:

2012-ին նախագահի ընտրությանը մասնակցել էր ռուսաստանցիների 65.3 տոկոսը, Վլադիմիր Պուտինը ստացել էր 63.6 տոկոսի, այսինքն Ռուսաստանում ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 45 տոկոսի ձայները:

Այս անգամ, Ղրիմի բռնակցումից հետո, ինչին աջակցում են ռուսաստանցիների շուրջ 86 տոկոսը, Կրեմլն ակնկալում է ավելի բարձր մասնակցություն և ավելի շատ ձայներ հօգուտ Պուտինի:

BBC֊ին այսօր գրել է, որ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը ընկերության մենեջերներին հրահանգել է ապահովել ընկերության բոլոր աշխատողների մասնակցությունն ընտրություններին:

Ընտրատեղամասերի հարևանությամբ կազմակերպվելու են տարբեր տոնավաճառներ: Իսկ այն դպրոցներում, որոնք վերածվելու են ընտրատեղամասերի, մարտի 18-ին ծնողական ժողովներ են հրավիրվել:

Նախագահի 8 թեկնածուներից քարոզարշավում ամենաակտիվը Քսենյա Սոբչակն է: Նա հայտարարում է, որ Ղրիմը Ռուսաստանին չի պատկանում, որ պայքարում է Պուտինի դեմ, որ ուզում է, որ քաղաքական դաշտից հեռանան «ծեր, արդեն բոլորին հոգնեցրած մարդիկ և գա նոր սերունդ»:

Մոսկվայում, սակայն, լիբերալ հասարակության զգալի մասը համոզված է, որ Սոբչակը Կրեմիլի «լիբերալ նախագիծն է»: Երեկ Քսենյա Սոբչակն ու Դմիտրի Գուդկովը հայտարարել են, որ ստեղծում են նոր կուսակցություն:

Սոբչակն այսօր Մոսկվայում բացում է Բորիս Նեմցովի հուշատախտակը: Միջոցառմանը, սակայն, չեն մասնակցում Նեմցովի հարազատներն ու ընկերները՝ հայտարարելով, թե այն ակցիա է նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Իրավապաշտպանները, մասնավորապես, «Գոլոս» կազմակերպությունը և Նավալնու թիմակիցները ահազանգում են, որ իրենց դիտորդական առաքելությունները խոչընդոտների են հանդիպում:

Հիշեցնեմ, Պուտինի միակ իրական մրցակիցը համարվող Ալեքսեյ Նավալնուն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց նախագահի թեկնածու գրանցել՝ դատվածության ունենալու պատճառով:

Նավալնին ընտրությունները բոյկոտելու կոչ է անում: Երեկ նա հայտարարել է, որ քվեարկության օրը բողոքի ակցիաներ չեն կազմակերպելու, իսկ եթե լինեն բազմաթիվ խախտումներ, հնարավոր է, որ ինքը բողոքի հավաքներ կազմակերպի մարտի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG