Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Իրանին մեղադրել է Իրաքում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձեր ձեռնարկելու մեջ։
«Իրաքի ընտրությունների դեպքում Իրանը Ռուսաստանի օրինակին է հետևում», - ասել է Մաթիսը լրագրողներին Մերձավոր Արևելք և Աֆղանստան այցերից Վաշինգտոն վերադառնալուց հետո:
«Մենք մտահոգիչ ապացույցներ ունենք, որ Իրանը փորձում է փողի միջոցով ազդել Իրաքի ընտրությունների վրա։ Այդ միջոցները ուղղում են ձայների և թեկնածուների վրա ազդելու նպատակին», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: «Մենք կարծում ենք, որ դա աննշան գումար չէ։ Մենք նաև կարծում ենք, որ դա շատ անարդյունավետ է», - հավելել է Մաթիսը։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին կփորձի պաշտոնավարման ևս մեկ ժամկետ ստանալ։