Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին հեռացնելը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «չի կարող լինել ինքնանպատակ»


Armenia - Gevorg Gorgisian, MP from the opposition "Yelk" bloc, 2Feb, 2018
Armenia - Gevorg Gorgisian, MP from the opposition "Yelk" bloc, 2Feb, 2018

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը չի կարծում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մասին Երևանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկումներից հետո անիմաստ է շարունակել բանակցությունները։

«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», այժմ քննարկում են Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ պայքարելու քայլերը, այդ թվում՝ փողոցային պայքար ծավալելու տարբերակը։

Թեև դաշինքը վերջնական որոշում չունի, այնուհանդերձ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները դիմել են քաղաքապետարան՝ ապրիլի 1-ին և 3-ին Ազատության հրապարակում հավաք, ապա նաև երթ անցկացնելու համար:

Հիշեցնեմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներից է Նիկոլ Փաշինյանը, ով կարծում է, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարելի է կանխել միայն ժողովրդի ճնշման ներքո:

«Նման մանր հարցերով ուղղակի չի կարելի դաշինքի գործունեությունը պայմանավորել: Ես որևէ լուրջ խնդիր էստեղ չեմ տեսնում», - ասաց Գևորգ Գորգիսյանը:

Չնայած ՀՀԿ-ն պնդում է, որ վարչապետի թեկնածու հարցը քննարկելու են ապրիլի սկզբին, այնուհանձերձ, ընդդիմադիրների կարծիքով, իշխող ուժը Սերժ Սարգսյանից բացի վարչապետի այլ թեկնածու չունի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելքի» գործընկերներին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզ է առաջարկել: Կուսակցությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ իրենց առաջարկած 14+4 օրվա գործողությունների ծրագիրն իրենից ներկայացնում է փողոցային պայքարի ճանապարհային քարտեզ՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրավիճակից ելնելով չեն բացառում պայքարի այլ տարբերակները ևս՝ Ազգային ժողովում և այլն։

Դաշինքի գերակշիռ մեծամասնությունը, ըստ Գևորգ Գորգիսյանի, դեմ է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացված ճանապարհային քարտեզին: Խնդիրներ են տեսնում, եթե դրանք փարատվեն, «Ելքը», պատգամավորի խոսքով, ունի այն համատեղ իրականացնելու շանս: Գորգիսյանը հավաստիացրեց, որ դեմ չեն փողոցային պայքարին առհասարակ․ - «Ճանապարհային քարտեզում դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, տեսնում է մտահոգություններ, ունի մտահոգություններ: Այդ մտահոգությունները մենք բոլորը բարձրաձայնել ենք, և քննարկումները էդ մտահոգությունները փարատելու շուրջ են: Որովհետև բոլոր ուժերը դաշինքում հակված են նրան, որ չի կարելի քաղաքացիներին, հասարակությանը տանել հերթական պարտության, տանել հուսախաբության»:

«Ելքի» անդամ մյուս կուսակցությունները, Գորգիսյանի պնդմամբ, ներկայացրել են գործողությունների տարբեր ծրագրեր՝ ելնելով այն մոտեցումից, որ ժողովրդին չի կարելի տանել հիասթափության։

Պատգամավորը, սակայն, չի բացառում նաև իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ գնան Ազատության հրապարակ․ - «Բայց դա լավագույնը չի լինի լուծումներից: Եվ դա, չեմ կարծում, որ կուժեղացնի դաշինքը: Ցանկացած գործողությունը, եթե նույնիսկ առանձին լինի, դա պետք է համաձայնեցված լինի դաշինքի հետ, դա պետք է քննարկված լինի դաշինքում, և շատ ու շատ հարցերի պատասխաններ ի սկզբանե լինեն: Եվ նոր միայն, ես կարծում եմ, կարելի է հնարավոր համարել այդ տարբերակը, որ կլինի նման գործողություն»:

Գորգիսյանի փոխանցմամբ, իրենք նաև քննարկում են, թե, սկսելով պայքարը, ի՞նչ պահանջով հանդես գալ՝ միայն Սերժ Սարգսյանի վարչապետությո՞ւնը կանխելու, թե՞ ամբողջական իշխանափողության․ - Սերժ Սարգսյանին հեռացնելն էլ չի կարող լինել ինքնանպատակ: Եթե դա ընդամենը Սերժ Սարգսյան չլինի, Արմեն Աշոտյան կամ Էդուարդ Շարմազանով լինի, նույնիսկ չարժի դրա վրա ռեսուրս և էներգիա ծախսել: Եթե պետք է ինստիտուցիոնալ ճանապարհով լինի դա, ուրեմն պետք է լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Արդյո՞ք առկա քաղաքական ուժերը պատրաստ են նոր խորհրդարանական ընտրություններին ավելի, քան Հանրապետական կուսակցությունը, և եթե վաղը լինեն խորհրդարանական ընտրություններ, Հանրապետական կուսակցությունը ավելի քիչ ձայներ կհավաքի»:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա, Գորգիսյանի խոսքով, նախորդ ընդդիմությունների թերություններից մեկը եղել է այն, որ նրանք գերագնահատել են սեփական ուժերն ու թերագնահատել Հանրապետականին՝ ժողովրդին տանելով պարտության․ - «Հանրապետական կուսակցությունը․․․Տարբեր անվանում են տալիս դրան՝ կերակրատաշտակի մոտ հավաքված հանցախումբ․․․ ինչ-ինչ, բայց դա շատ լուրջ կառույց է, և դրան չի կարելի ուղղակի էդպես մոտենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG