Մատչելիության հղումներ

Փաստաբաններից ոմանք Օհանյանի լիազորությունների դադարեցումը կապում են «Սասնա ծռերի» դատավարության հետ


Արթուր Օհանյան
Արթուր Օհանյան

Երևանում Պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով փաստաբանները պատրվակ են համարում զինված խմբի 11 անդամների դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունների դադարեցման հիմքում նրա առողջական խնդիրը որպես պատճառ ներկայացնելը։

Մի մասը կարծում է, որ դատական ոլորտում փոփոխություններից հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի նախագահ Օհանյանը չհամակերպվեց հասարակ դատավորի կարգավիճակի հետ, մյուս մասը կասկածներ ունեն, որ այս ազատումը կապ ունի «Սասնա ծռերի» աղմկահարույց դատավարության հետ։

Հիշեցնեմ, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» 11 անդամների գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները։

Հրամանագրում վկայակոչվում է Դատական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի լիազորությունները կարող են դադարեցվել, երբ նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

Թե մասնավորապես ինչ հիվանդություն ունի ամիսներ շարունակ «Սասնա ծռերի» գործը քննող 52-ամյա դատավորը, հրամանագրում չի նշվում։ Փաստաբաններից ոմանք նշում են, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը կարծում են, որ այս տարի վերաձևավորված դատական համակարգում դատարանի նախագահից դատավոր դարձած Արթուր Օհանյանը պարզապես չցանկացավ աշխատել որպես շարքային դատավոր։

Երևանի նախկին դատարանների փոխարեն այժմ գործում է մեկ ընդհանուր իրավասության դատարան։

Երվանդ Վարոսյանը նշում է, որ 13 տարի դատարանի նախագահի պաշտոն զբաղեցրած Օհանյանին ձեռնտու չէր դատավոր աշխատելը․ - «Դատարանի նախագահի պաշտոնն ավելի շահեկան է լծակներ ունենալու առումով: Փաստորեն Հայաստանում դատավոր լինելը այնքան էլ ձեռնտու չէ մարդկանց, այնքան էլ երևելի մի պաշտոն չէ, որ մարդը պատրաստ է դատարանի նախագահ չլինելով հանդերձ այլևս չաշխատել դատավոր: Մինչդեռ պիտի լիներ հակառակը: Ես բազմաթիվ անգամ բարձրացրել եմ էդ հարցը, որ դատավորների անկախության ապահովմանը զուգընթաց անպայման նրանց սոցիալական ապահովության հարցերն էլ պիտի կարգավորվեն այնպես, որ ցանկացած մարդու համար երանելի լինի, նաև նյութական առումով, դատավոր աշխատելը»:

Ավելի քան կես տարի է, ինչ Արթուր Օհանյանին էր մակագրվել «Սասնա ծռերից» 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի և մյուսների գործը։

Փաստաբանները բազմիցս են հայտարարել, թե դատավորն անաչառ չէ և չի կարող քննել գործը։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդում է, որ առողջական խնդիրը չէր կարող պատճառ լինել համակարգից հեռանալու համար․ - «Պարզապես, իմ կարծիքով, Օհանյանը չկարողացավ քաղաքական որոշումը մինչև վերջ ավարտին հասցնել»:

Արայիկ Խանդոյանի և զինված խմբի մի քանի այլ անդամների պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս կասկածներ ունի, որ Օհանյանը պարզապես չի ցանկացել շարունակել քննել «Սասնա ծռերի» գործը։

Պապիկյանը կարծում է, որ զինված խմբի գործը որևէ դատավորի համար հեշտ չէ քննել, և Օհանյանի առողջական խնդիրները հնարավոր է ևս այս ամիսների ընթացքում սրվեցին․ - «Եվ այն դժվարությունները գործընթացի ժամանակ, որոնց բախվում էր պարոն Օհանյանը, դրանք հաճախ իր անձով էլ չէին պայմանավորված: Եվ ինքը երբեմն-երբեմն ընդունում էր որոշումներ, ակնհայտ պարզ էր, որ էդ որոշումները ինքը ընդունում էր ոչ իր կամքով: Հարկադրված էր, ստիպված էր: Բնականաբար, սա չէր կարող զուտ մարդկայնորեն ազդեցություն չունենալ և, ցավոք սրտի, ազդել նաև առողջության վրա: Արթուր Օհանյանը դատավարական առումով ստեղծված իրավիճակի զոհն էր: Կուզենայի, որ այդ իրավիճակը չազդեր իր առողջության վրա»:

Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ ըստ ընթացակարգի Օհանյանի բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ, որից հետո էլեկտրոնային համակարգը կվերաբաշխի դրանք այլ դատավորների միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG