Մատչելիության հղումներ

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Սոլսբերիում տեղի ունեցածը


Թերեզա Մեյը Սոլսբերիում:
Թերեզա Մեյը Սոլսբերիում:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները մի քանի ժամ առաջ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` խստորեն դատապարտելով մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան:

«Մենք` Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ղեկավարներս, մեր նողկանքն են արտահայտում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների դեմ կատարված այդ հարձակման առթիվ: Ռուսաստանի կողմից մշակված և ռազմական նշանակություն ունեցող նյարդապարալիտիկ թույնի այս կիրառումը նմանատիպ նյութի առաջին հարձակողական օգտագործումն է Եվրոպայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - նշում են արևմտյան չորս պետությունների ղեկավարները` հավելելով․ - «Սա հարձակում է Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության դեմ: Այս հարձակումը սպառնալիք է բոլորիս անվտանգությանը»:

Մոսկվայում` նախագահական ընտրություններից ընդամենը երեք օր առաջ, նախագահ Պուտինը ստիպված է մի պահ մոռանալ քարոզարշավի մասին և իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամին: Այսօր կեսօրին Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի մասնակցիները հանգել են եզրակացության, որ Մոսկվան պետք է հակաքայլերի դիմի` Լոնդոնում աշխատող 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսմանն ի պատասխան:

«Այդ քայլերը շատ չեն ուշանա», - Անվտանգության խորհրդի նիստից հետո Reuters-ի լրագրողների հետ հեռախոսազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Ռուսաստանը խորը տարակուսանքով է վերաբերում այն մոտեցմանը, որ Սոլսբերիի, Սկրիպալի խնդրում որդեգրել են Մեծ Բրիտանիայի իշխանությունները: Մեզ համար այդ դիրքորոշումը դժվարըմբռնելի է: Մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն: Ընդհանուր առմամբ, մեզ թվում է, որ բրիտանական կողմը կատարելապես անպատասխանատու դիրքորոշում ունի»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր, Սկրիպալների թունավորումից հետո առաջին անգամ, մեկնեց Սոլսբերի, որտեղ հանդիպեց իրավապահների և տեղի բնակիչների հետ, նաև այցելեց ռուսաստանցի պաշտոնաթող գնդապետի և նրա դստեր թունավորման վայրը:

Այդ նույն ժամերին Մեյի նախարարական կաբինետի անդամներից մեկը` Պաշտպանության նախարար Գևին Վիլյամսոնը, կոշտ քննադատություն հնչեցրեց Մոսկվայի հասցեին` անդրադառնալով նաև Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությանը․ - «Ի՞նչ ենք մենք անելու: Նախևառաջ հետևելու ենք Ռուսաստանի պատասխանին: Սոլսբերիում Ռուսաստանի արածը խայտառակություն էր և դաժանություն: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ձայնը կտրի և հեռանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG