Մատչելիության հղումներ

Քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 16-ին Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ


Պուտինը ելույթ է ունենում Սևաստոպոլի հրապարակում, 14-ը մարտի, 2018թ.

Վաղը Ռուսաստանում նախագահական քարոզարշավի վերջին օրն է. Ռուսաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 16-ին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ իր հարազատ քաղաք։

Երեկ Պուտինը Ղրիմում էր։ Սոցիալական ցանցերում ռուսաստանցիները գրում են, որ Սևաստոպոլում քաղաքացիները մի քանի ժամ սպասել են նախագահի թեկնածուին, որտեղ նա ելույթ պետք է ունենար։

Պուտինը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին՝ նշելով, որ չորս տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեին նրանք կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը և վերականգնել պատմական արդարությունը։

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Պուտինի այս հայտարարությանը՝ նշելով, որ 2014-ի մարտին կայացած հանրաքվեն ապօրինի է և անցել է ռուսական բանակի ճնշման ներքո։ Պետքարտուղարությունը նաև նշել է, որ Ղրիմի բռնակցումով Մոսկվան խախտել է միջազգային նորմերը։

Այսօր «Լևադա» կենտրոնը նոր հարցման արդյունքներ է հրապարակել, որի համաձայն, ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը համարում է, որ Ղրիմի բռնակցումն ավելի շատ օգուտ է բերել Ռուսաստանին, քան՝ վնաս։ Հարցվածների 15 տոկոսը համարում է, որ հակառակը՝ վնասել է Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ ռուսաստանցիների շուրջ 86 տոկոսը, ինչպես Մոսկվայում են ասում, Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ դրական է գնահատում։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնի բլոգեր Յուրի Դուդին տված հարցազրույցում ասում է. - «Պուտինի համար ամենևին էլ կարևոր չէ, թե ռուսաստանցիների քանի տոկոսն է իրեն ձայն տալու կիրակի օրը կայանալիք ընտրություններում։ Պուտինի համար կարևոր է, թե ինչպես կքվեարկի Ղրիմի բնակչությունը»։

Վենեդիկտովի խոսքով՝ եթե Ղրիմի բնակչության 80 տոկոսը ձայն տա Պուտինին, նա կկարողանա հպարտությամբ ներկայացնել այդ արդյունքները որպես երկրորդ հանրաքվե։

Պուտինը, հիշեցնենք, հեռուստաբանավեճերին չի մասնակցում, փոխարենը նրա մասին ամեն օր նոր ֆիլմ են ցուցադրում հեռուստաընկերությունները։

Այսօր, օրինակ, Մոսկվայում քննարկում են Պուտին ֆիլմի երկրորդ հատվածը, որտեղ նա, օրինակ, պատմում է, թե 1996-ին, երբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Անատոլի Սոբչակը պարտվել էր ընտրություններին և ինքն առանց աշխատանքի էր մնացել, մտածում էր, որ կարող է տաքսու վարորդ աշխատել։ «Ինչ արած, ես փոքրիկ երեխաներ ունեի, չեմ կատակում», - ֆիլմում ասում է Պուտինը։

Բայց նա Մոսկվայից աշխատանքի առաջարկ է ստանում։ «Ինձ առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա և Ռուսաստանի նախագահի աշխատակազմում զբաղվել իրավական հարցերով։ Իհարկե համաձայնեցի, ուրախ եմ, շնորհակալ եմ Պավել Բորոդինին, որ ինձ հրավիրեց Մոսկվա, և ես կարողացա մայրաքաղաքում իմ տեղը գտնել», - Անդրեյ Կոնդրաշևի ֆիլմում ասել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինի օգտին ակտիվ քարոզչություն են իրականացնում Ռուսաստանի տարբեր բյուջետային կազմակերպությունների ղեկավարները։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում։

Այս ընտրություններին Պուտինի դե յուրե մրցակիցները հայտարարում են, որ նրան հնարավոր չէ հաղթել, և իրականում իրենք պայքարում են երկրորդ, երրորդ տեղերի համար։

Հեռուստաբանավեճերին չի մասնակցում նաև կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը։

Բանավեճերը, սակայն, առանց Պուտինի և Գրուդինիի էլ բուռն ու սկանդալներով են անցնում։ Երեկ «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում, օրինակ, լրագրող և նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը նույնիսկ արտասվել է՝ հայտարարելով, որ նրան հալածում են եթերում նախագահի մյուս թեկնածուները, մասնավորապես՝ Վլադիմիր Ժիրինովսկին։

Հավելենք նաև, որ նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգն այսօր Պուտինի վերընտրությունը չէ։ Նրա հաղթանակը բոլորի համար ակնհայտ է։ Հիմնական ինտրիգը վարչապետի շուրջ է՝ Պուտինը փոխելո՞ւ է վարչապետին, թե՞ նրա հավատարիմ կրտսեր ընկեր Դմիտրի Մեդվեդևը շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններն այս կիրակի են՝ մարտի 18-ին՝ Ղրիմի բռնակցման օրը։ Նախագահի թեկնածուները 8-ն են։

Եթե Վլադիմիր Պուտինը վերընտրվի, սա կլինի նրա չորրորդ պաշտոնավարումը։ Եթե առաջիկա տարիներին Ռուսաստանում Սահմանադրությունը չփոխվի, սա 65-ամյա Պուտինի վերջին նախագահական ժամկետն է լինելու։ Մոսկվայում, սակայն, քչերն են հավատում, որ Պուտինը վեց տարի հետո թողնի իշխանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG