Մատչելիության հղումներ

Ալիևը Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կոչ է անում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, 14-ը մարտի, 2018թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, 14-ը մարտի, 2018թ․

Ադրբեջանի նախագահը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: «Ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառը Հայաստանն է, որը հրաժարվում է ազատել գրաված տարածքները», - այսօր պնդել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովում, որին մասնակցում են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ:

«Ներկայիս ստատուս քվոն չի կարող հավերժ շարունակվել, ինչի մասին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են հայտարարել: Այս հակամարտությունը ոչ միայն անարդարություն է, այլև տարածաշրջանում մշտական սպառնալիքի ու անկայունության աղբյուր», - ասել է Իլհամ Ալիևը:

Ղարաբաղյան խնդրի մասին է խոսել նաև համաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե Անկարան այս հարցում մշտապես եղել և մնում է Ադրբեջանի կողքին: «Եթե մեր եղբայրական պետությանը սպառնան, անմիջապես պատասխան կստանան», - հայտարարել է Բինալի Յըլդըրըմը:

Միջազգային համաժողովից բացի այսօր Բաքվում մեկնարկել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպումը, որի ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը:

Հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան ուզում են ամրապնդել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա», - ասված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների այսօր ընդունած փաստաթղթում:

Տարածաշրջանի հակամարտություններից բացի արտգործնախարարները քննարկել են նաև նոր՝ Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով: Պաշտոնյաները պնդում են, որ շուրջ 5 հազար կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա էականորեն կրճատել բեռնափոխադրումների ժամանակը, նախնական հաշվարկներով՝ ներկայիս 35 օրվա փոխարեն բեռները Հնդկաստանից Եվրոպա կհասնեն ընդամենը մեկ շաբաթում:

«Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը կդառնա շատ ավելի ավելի կարճ ու արդյունավետ, ինչը կնպաստի ոչ միայն մեր չորս երկրների համագործակցությանն ու զարգացմանը, այլև մյուս շահագրգռված պետությունների», - հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Վերջինս, ի դեպ, նշել է, որ Իրանը ևս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով այն մինչև Թավրիզ: Ըստ պաշտոնական տեղեկությունների, արտգործնախարարների այսօրվա քառակողմ հանդիպմանը քննարկվել է նաև այս հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG