Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանը պատրաստվում են դատի տալ «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին


Արայիկ Հարությունյան, արխիվ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը պատրաստվում են դատի տալ «Երևան» հիմնադրամին և Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։

Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարանում վիճարկելու են «Երևան» հիմնադրամի գործողություններն ու ՊԵԿ-ի անգործությունը։

«Ժամանակին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ առանձնազրույցներում մտահոգություն կար, որ «Երևան» հիմնադրամը դարձել է մի սխեմա, երբ Երևանի քաղաքապետարանը որևէ ծառայություն մատուցելիս, կամ հիմնական ծառայությունների դեպքում, տուրքերին զուգընթաց, քաղաքացուն հորդորում է, կամ, չգիտեմ, պահանջում է, պարտադրում է, որ վճարումներ կատարեն նաև «Երևան» հիմնադրամում՝ ենթադրենք տուրքը 25 հազար դրամ է, օրինակ, ևս 25 հազար դրամ վճարվում է «Երևան» հիմնադրամին։ Սա պարզելու համար ես անցած տարի գործընթաց սկսեցի, դիմելով «Երևան» հիմնադրամին՝ փորձելու պարզել այն նվիրատուների անունները, որոնք 100 հազար դրամ և ավելի են վճարել հիմնադրամին, և փաստացի ես տվյալները չստացա՝ տվյալների գաղտնիությանը հղում արեցին։ Զուգահեռ ստացա անցած և նախանցած տարի սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակները», - ասաց Հարությունյանը՝ պարզաբանելով․ - «Ինձ համար հետաքրքիր էր՝ արդյոք այդ մտահոգությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, եթե ես ունենայի մյուս ցուցակն էլ, ես կհամադրեի ու կհասկանայի, թե ինչու է, օրինակ, Պողոս Պողոսյանը տուրք վճարել և՛ քաղաքապետարանին, և՛ վճարում կատարել հիմնադրամին»։

Նա փոխանցեց, որ Լենա Նազարյանն էլ դիմել է ՊԵԿ-ին՝ այնտեղից ցուցակները ստանալու համար։

Լենա Նազարյան, արխիվ
Լենա Նազարյան, արխիվ

«ՊԵԿ-ը վերահսկում է հիմնադրամներին, ստանում է նրանց տվյալները, հիմնադրամները պետք է նաև իրենց նվիրատուների ցուցակները տրամադրեն ՊԵԿ-ին։ Պարզվեց, որ այս դրույթը չի կատարվում։ Լենա Նազարյանը փորձեց պարզել, թե ինչո՞ւ չի իրականացվում, և նրան տվյալներ չտվեցին։ Որոշեցինք էս հարցով դիմել դատարան, այսօր հայցը պատրաստ կլինի և մենք կդիմենք տվյալների չտրամադրման վերաբերյալ, հայցադիմում կլինի «Երևան» հիմնադրամի գործողությունների հետ կապված և ՊԵԿ-ի անգործության հետ կապված», - ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG