Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրել է իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրել է միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ներկաների հարցերին:
Նույն օրը Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Դանիայի կառավարության պետքարտուղարի արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Մայքլ Ստարբակ Քրիստենսենի, պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի, Արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստի հետ:
Հայաստանի արտգործնախարարը և Դանիայի պետեկամուտների նախարարը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները երեկ ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: