Մատչելիության հղումներ

Գյումրեցի ատամնաբույժները հրաժարվում են էլեկտրոնային առողջապահական համակարգից՝ «մինչև բացերը չփակվեն»


Էլեկտրոնային առողջապահական համակարգի դեմ բողոքող գյումրեցի ատամնաբույժների հետ այսօր հանդիպեցին առողջապահության նախարարության և համակարգը սպասարկող «Արմեդ» ընկերության ներկայացուցիչները:

Չնայած առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ևս Շիրակի մարզում էր, բայց նա ատամնաբույժներին չհանդիպեց, ինչն էլ ավելի մեծ դժգոհություն առաջացրեց:

Հիշեցնենք՝ Կառավարությունը լիցենզավորման կարգում փոփոխություններ է կատարել դեռևս անցած տարվա ամռանը, որոնցով բոլոր առողջապահական կազմակերպությունները գործունեության թույլտվություն ստանալու համար պետք է միանան «Արմեդ» կայքի էլեկտրոնային համակարգին և մուտքագրեն յուրաքանչյուր այցելուի պատմությունը՝ հիվանդությունից ու դեղորայքից մինչև բուժում։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադևոսյանը, ով խոստովանեց, որ ինքն ու իր ընտանիքի մի քանի անդամներ ևս ատամնաբույժներ են, ներկայացնում էր էլեկտրոնային համակարգին անցնելու առավելությունները, բայց միևնույն ժամանակ ընդունեց՝ բացեր կան: Գյումրեցի ատամնաբույժները 10 օր առաջ վարչապետին իրենց բողոք նամակն էին ուղարկել՝ մատնանշելով համակարգի թերությունները: Դրանցից մեկը հիվանդի անհատական տվյալներին էր վերաբերում, որ պետք է մուտքագրվեն համակարգում: Հանդիպմանը ատամնաբույժները փաստաբանի էին հրավիրել, ով պնդեց՝ անձի անհատական տվյալների մշակում չի կարող իրականացվել, եթե չկա նրա համաձայնությունը:

«Եթե եղավ մեկը, ով չհամաձայնեց և բուժում ստացավ, փաստացի ատամնաբույժը խնդիր է ունենում չմուտքագրելու հետ: Էդ պարագայում հարցը ո՞նց է կարգավորվում: Որովհետև օրենքով նախատեսված չէ՝ առանց անձի համաձայնությամբ իր տվյալները մշակել», - հարց բարձրացրեց նա:

Արթուր Թադեվոսյանը, պարզվեց, չուներ այդ հարցի պատասխանը:

Ատամնաբույժները նաև դժգոհեցին, թե այս պահանջի պատճառով իրենք ստիպված են հավելյալ ծախսեր կատարել:

Նախարարության ներկայացուցիչն ասաց, թե առայժմ միայն կլինիկաները պետք է իրենց տվյալները ներկայացնեն, և միայն «Արմեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո է այն ներդրվելու: Մինչ այդ նաև էլեկտրոնային համակարգին անցնելու դասընթացներ են անցկացվելու: Սակայն գյումրեցի ատամնաբույժներն ասում են՝ այս պահին չեն միանա համակարգին, մինչև բացերը չփակվեն և բացի այդ՝ լուծվի ֆինանսական կողմը:

Մոտ 2 ժամ տևած ու թեժ մթնոլորտում անցած քննարկումից ատամնաբույժները դժգոհ էին, ասացին՝ չստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

XS
SM
MD
LG