Մատչելիության հղումներ

«Պետք չէ մեղադրել Սերժ Սարգսյանին, քանի որ խնդիրները շատ ավելի համակարգային են»․ Կիրակոսյան


«Ազատությունը» զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ով կարծիք է հայտնում, որ ամենայն հավանականությամբ հենց Սերժ Սարգսյանը կլինի Հայաստանի վարչապետը ապրիլի 9-ից հետո։ Բայց, ըստ Կիրակոսյանի, Հայաստանն, այնուամենայնիվ, տարբերվում է տարածաշրջանի մյուս երկրներից, որտեղ տեղի են ունեցել մեկ անձի իշխանության անժամկետ երկարաձգման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։

«Ազատություն»․ - Դեռ 2015 թվականին, երբ Հայաստանը սահմանադրական բարեփոխումներ իրականացրեց, ընդդիմադիր ուժերը մտահոգություն ունեին, որ այս ամենը բերելու է իշխանության հավերժական զավթմանը: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ Հայաստանը կհայտնվի նմանատիպ բռնապետական երկրների շարքում:

Կիրակոսյան․ - Հայաստանում տեսնում ենք հետևյալը. գործող նախագահ Սերժ Սարգսյանը կավարտի իր 2-րդ և վերջին պաշտոնավարման ժամկետը և, ամենայն հավանականությամբ, կշարունակի իշխել արդեն որպես վարչապետ, սա արվում է եղած միտումին զուգահեռ, երբ հետխորհրդային շատ պետություններում ներկայիս առաջնորդները պատրաստվում են իշխել ցմահ։

«Ազատություն»․ - Ի՞նչ նպատակ են հետապնդում հետխորհրդային այս առաջնորդները, հավերժացնե՞լ իրենց իշխանությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց երկրներում դրան զուգահեռ լուրջ հասարակական դժգոհություն է բարձրանում:

Կիրակոսյան․ - Ընդհանուր առմամբ, այն ինչ տեղի ունենում կախված չէ նրանց՝ հանրության կողմից ընդունված լինելու, այլ կախված է նրանց ունեցած իշխանության հետ: Հարցը ոչ այնքան նրանց լեգիտիմությանն է վերաբերում, որքան լծակներին։ Ընդհանուր միտումին անդրադառնալով պետք է նշեմ, որ երբ իշխանության ղեկին հայտնվում է ուժեղ առաջնորդ - անհատականություն, այդ երկրում թույլ են լինում պետական ինստիտուտները, ինչն էլ թույլ է տալիս այդ զարգացումը։ Այս պարագաներում առաջնորդը մարմնավորում է պետությունը, ինչպես օրինակ Ստալինը՝ Խորհրդային Միությունում։ Վերջին կետն էլ այն է, որ նման բրգաձև համակարգերի դեպքում խրախուսվում է առաջնորդ-անձի պաշտամունքը։

Հայաստանի նման փոքր պետության դեպքում կա նաև կենսունակ այլընտրանքի բացակայության և փակ քաղաքական համակարգի խնդիրը, որոնց պատճառով առաջնորդի նոր թեկնածուների ի հայտ գալն անհնար է դառնում։

«Ազատություն»․ - Այլ հավանական թեկնածուների մասին խոսեցիք: Չե՞ք կարծում, որ նաև ընդդիմության վատ աշխատանքի հետևանք է այս ամենը:

Կիրակոսյան․ - Ճիշտ դիտարկում եք անում։ Ինչպես հայաստանյան համատեքստում, այնպես էլ հետխորհրդային տարածքի, ազատ ու անկախ ընտրությունների բացակայությունը և իրական քաղաքական մշակույթի բացակայությունը ստեղծված իրավիճակի պատճառներից է։ Այսպիսով, պետք չէ, ոչ մասամբ, ոչ ամբողջությամբ մեղադրել Սերժ Սարգսյանին, քանի որ խնդիրները շատ ավելի համակարգային են։

«Ազատություն»․ - Հայաստանում մենք հասկանում ենք, որ ընտանեկան, ժառանգական տենդենցի մասին առայժմ չեն խոսում: Ինչպիսի՞ սցենար եք տեսնում այս դեպքում:

Կիրակոսյան․ - Մի կողմից, Հայաստանի քաղաքական մշակույթի պարագայում նախադեպեր չկան, երբ իշխանությունը հորից որդու է փոխանցվում և քիչ է հավանական, որ այստեղ ստեղծվի դինաստիկ համակարգ, բայց կարելի է նկատել, որ կա մեկ ընդունված ազգանուն՝ «Սարգսյան», լինի Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը և նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ազատություն»․ - Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում հարևան Ադրբեջանում, Բելառուսում, Տաջիկստանում: Քաղաքակիրթ երկրներում այս երկրների առաջնորդներին անվանում են բռնապետեր: Դուք ինքներդ ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ, այս իրավիճակը ինչի՞ կհանգեցնի, եթե մենք ամեն օր խոսում ենք ժողովրդավարական արժեքներ ունենալու մասին, փորձում ենք ցույց տալ, որ ժողովրդավար ենք:

Կիրակոսյան․ - Թեև լավ հարց եք տալիս, բայց պետք է ասեմ, որ ես լավատես եմ, քանի որ եթե, կամ ավելի հավանական է՝ ե՛րբ Սերժ Սարգսյանը դառնա նոր վարչապետ, նա ավելի քիչ լիազորություններ կունենա, քան մենք նախապես պատկերացնում էինք, քանի որ Ազգային ժողովը պետք է ունենա մեծ դերակատարություն, կատարի փոխզսպողի դեր: Բացի այդ, ի տարբերություն հետխորհրդային մի շարք երկրների, այստեղ բազմակարծություն, այնուամենայնիվ, կա։

Պետք է նշել նաև Ադրբեջանից Հայաստանին ուղղված սպառնալիքը, որը ստիպում է Հայաստանում վարել ավելի արդյունավետ քաղաքականություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG