Մատչելիության հղումներ

Հունական ֆուտբոլը մոտենում է անդունդի եզրին. FIFA-ի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար


Հունաստան - Ատրճանակով զինված Իվան Սավիդեսը Սալոնիկի մարզադաշտում, 11-ը մարտի, 2018թ.
Հունաստան - Ատրճանակով զինված Իվան Սավիդեսը Սալոնիկի մարզադաշտում, 11-ը մարտի, 2018թ.

Վերջին նախազգուշացում հունական ֆուտբոլին. այսպես կարելի է բնութագրել FIFA-ի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար Հուբերտ Հյուբելի` չորեքշաբթի օրը Աթենքում հնչեցրած հայտարարությունները:

«Հունական ֆուտբոլը մոտենում է անդունդի եզրին: Այսպես կոչված ֆուտբոլային Grexit-ը այլևս անհավանական երևույթների թվին չի պատկանում», - հայտարարում էր FIFA-ի պաշտոնյան, որի ղեկավարած մոնիտորինգի հանձնաժողովի նպատակն է հստակ գնահատական տալ հունական ֆուտբոլում տիրող կացությանը:

Հյուբելի` Աթենք կատարած արտահերթ այցի հիմնական առիթը կիրակի օրը Սալոնիկի մարզադաշտում PAOK-AEK հանդիպման ժամանակ տեղի ունեցած աղմկալի միջադեպն էր: Այդ օրը տեղական PAOK ակումբի սեփականատեր Իվան Սավիդեսը` դժգոհելով մրցավարի կայացրած որոշումից, ատրճանակով զինված ներխուժել էր խաղադաշտ:

Ոստիկանության աշխատակիցներին և գործարարի թիկնապահներին մեծ դժվարությամբ էր հաջողվել նրան դուրս բերել դաշտից, սակայն տեղի ունեցածը դարձավ այն վերջին կաթիլը, որ ստիպեց թե՛ Հունաստանի կառավարությանը, թե՛ միջազգային ֆուտբոլային կառույցներին լուրջ քայլեր ձեռնարկել հունական մարզադաշտերում բռնություններին վերջ տալու նպատակով:

Միջադեպից հաշված ժամեր անց Հունաստանի կառավարությունը հայտարարեց երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղարկությունը դադարեցնելու մասին:

«Այն ամենն, ինչ տեղի ունեցավ կիրակի օրը, պարզապես խայտառակություն էր և մեծ հարված ցանկացած ֆուտբոլասեր մարդու համար: Անթույլատրելի է, երբ մարդիկ վախենում են մարզադաշտ գնալ: Ինչպես կարող են մարդիկ երեխայի հետ ֆուտբոլ դիտելու գնալ, երբ ատրճանակով զինված մարդիկ մուտք են գործում խաղադաշտ, երբ շանտաժի ու սպառնալիքների մթնոլորտ է տիրում», - նշում էր Հյուբելը:

Ինքն` այս ողջ խառնաշփոթի հեղինակ PAOK ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իվան Սավիդեսը, միջադեպի հաջորդ օրն արդեն պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար` հայցելով ֆուտբոլասերների ներողամտությունը:

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ քննարկում է նրա դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցը:

Չի բացառվում, որ Հունաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Սավիդեսին հինգ տարով արգել Հունաստանի տարածքում գտնվող որևէ մարզադաշտ մուտք գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG