Մատչելիության հղումներ

Պաշտոնատար անձանց անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել. հարուցվել է քրգործ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է` Հայաստանի հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8 միլիոն 274 հազար դրամի վճարում չի կատարել:

Ըստ դատախազության, Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է:

«Դատական ակտն ուժի մեջ է մտել 2016-ի հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կատարողական թերթ ստանալու և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը: Ավելին, հետագայում նշված անձանց կողմից հիշյալ պարտքը ներկայացվել և ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է որպես համայնքի պարտավորություն: Փաստորեն, մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8.274.000 դրամի վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի [պաշտոնեական անփութությունը] 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG