Մատչելիության հղումներ

Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունները չի դիտարկում որպես այլընտրանք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Չավուշօղլու


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Անկարան չի դիտարկում Մոսկվայի հետ հարաբերությունները որպես այլընտրանք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Մոսկվայի հետ հարաբերությունները մեզ համար այլընտրանք չեն նաև Եվրամիությանը մեր հնարավոր անդամակցությանը», - երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ նաև հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում Ռուսաստանից գնած S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգերն օգտագործել Սիրիայում։

Չավուշօղլուն Մոսկվա է ժամանել երեկ՝ մարտի 13-ին, եռօրյա այցով։ Այսօր նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ այսօր բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև «Ակկույու» ատոմակայանին և «Թուրքական հոսք» գազատարին առնչվող հարցեր։

Ատոմակայանը, հիշեցնենք, կառուցում է ռուսական կողմը, և ապրիլի սկզբին արդեն սկսվելու են կառուցման աշխատանքները։

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք» գազատարին, այստեղ կան որոշ տարաձայնություններ. Ռուսաստանը պետք է ստանա թուրքական կողմի համաձայնությունը Թուրքիայի տարածքում գազատարի կառուցման աշխատանքները սկսելու համար։

Ռուսաստանցի մեկնաբանները գրում են, որ Անկարան սա կապում է սիրիական ճգնաժամի շուրջ Մոսկվայի դիրքորոշման հետ։

Զախարովան երեկ հայտարարել է նաև, որ կարևորագույն խնդիրը, որ այսօր քննարկելու են Չավուշօղլուն և Լավրովը, սիրիական ճգնաժամն է, մասնավորապես՝ իրավիճակն Արևելյան Գուտայում և Աֆրինում։ Ինչ վերաբերում է Աֆրինին, այդ հարցը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պետք է քննարկեն նաև ապրիլի սկզբին կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք՝ հունվարի 21-ից թուրքական զորքը Սիրիայի տարածքում է։ Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ ռազմական գործողությունների նպատակն է չեզոքացնել քուրդ գրոհայիններին, որ սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG