Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը՝ նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը:
Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, Կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, հիմնադրամի հիմնադիր Կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, նշել է Վիգեն Սարգսյանը, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:
Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և ԼՂ քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:
Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան, նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:
«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի, ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակությա՞ն կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար», - հայտարարել է նախագահը: