Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ուսուցիչը պնդում է՝ իրեն աշխատանքից ազատել են խաղաղության կոչերի պատճառով


Ադրբեջանցի դպրոցականներ, արխիվ

Ադրբեջանցի երիտասարդ ուսուցիչը հայտարարում է, որ իրեն աշխատանքից հեռացրել են ադրբեջանցի և հայ երեխաների միջև ընկերության ու խաղաղության կոչերի պատճառով:

Ըստ «Թուրան» գործակալության՝ Ռովշան Ազիզովը 2004 թվականից Բաքվի Նիզամու շրջանի դպրոցում անգլերեն է դասավանդել և աչքի է ընկել ուսուցման ոչ-ավանդական մեթոդներով, հաճախ դասը վերածելով բեմական ներկայացումների՝ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու համար:

Ազգերի միջև բարեկամության՝ երիտասարդ ուսուցչի քարոզը հաճախ նույնիսկ դպրոցի սահմաններն է հատել: Նա աշակերտների մասնակցությամբ ատելությունը մերժելու մասին տեսանյութեր է նկարահանել և դրանք տարածել համացանցում: Ասում է՝ աշակերտների ծնողները տեղյակ են եղել այդ մասին և երբեք չեն առարկել:

«Ես՝ որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաները ապրեն անվտանգ ու խաղաղ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև թշնամություն սերմանել: Ծնողները պետք է իրենց երեխաներին դաստիարակեն ընկերության և սիրո ոգով», - ասում է Ազիզովը:

Անգլերենի խաղաղասեր ուսուցչի նախաձեռնությունը, սակայն, հայրենակիցների կոշտ հակազդեցությանն է արժանացել:

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ներխուժեց դպրոց և բոլորի ներկայությամբ սկսեցին ինձ վիրավորել, «դավաճան», «հայկական գործակալ» անվանել ու պահանջեցին հեռացնել ինձ աշխատանքից», - պատմել է Ազիզովը՝ հավելելով, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած այդ միջադեպից չորս օր անց հեռացվել է դպրոցից՝ «աշխատանքից մշտապես ուշանալու» պատճառաբանությամբ:

Ազիզովը դպրոցի ղեկավարության որոշումը բողոքարկել է դատարանում: Վճիռը պետք է հրապարակվի վաղը: Ասում է՝ դպրոցի տնօրենը դատարանում արդեն խոստովանել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից դասերի ժամանակ խաղաղասիրական կոչերի համար:

«Կուզեի՝ Հայաստանում նույնպես չվախենան խոսել այն մասին, որ հայերը ադրբեջանցիների թշնամիները չեն, և հակառակը: Եթե մենք վախենանք, ապա պատերազմը հավերժ կլինի: Իմ համոզմամբ՝ ժամանակակից աշխարհում չպետք է սահմաններ, թշնամիներ լինեն: Պետք է լինի միայն սեր», - հայտարարել է Ռովշան Ազիզովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG