Մատչելիության հղումներ

Պուտինը քարոզարշավի շրջանակում վաղը կայցելի Ղրիմ


Ղրիմ - ՌԴ գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական պաստառը Սևաստոպոլում, 12-ը մարտի, 2018թ․
Ղրիմ - ՌԴ գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական պաստառը Սևաստոպոլում, 12-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մնացել է հինգ օր: Վաղը երկրի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախագահական քարոզարշավի շրջանակում կայցելի Ղրիմ՝ Սևաստոպոլում նախատեսված է բազմահազարանոց հանրահավաք նրա մասնակցությամբ, և այն ուղիղ եթերում հեռարձակելու են դաշնային հեռուստաընկերությունները։

Պուտինը, հիշեցնենք, հեռուստաբանավեճերին չի մասնակցում։ Սակայն դաշնային հեռուստաընկերությունները պարբերաբար ցուցադրում են գործող նախագահի հետ և նրա մասնակցությամբ տարբեր հարցազրույցներ և ֆիլմեր:

Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցը լրագրող Քսենիա Սոբչակն է, ով նույնպես ցանկանում էր այցելել Ղրիմ և թույլտվության համար դիմել էր Ուկրաինայի իշխանություններին, սակայն կոշտ բացասական պատասխան էր ստացել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը սոցիալական ցանցերից մեկում գրել էր, թե Սոբչակի խնդրանքը քաղաքական շիզոֆրենիա է։

Սոբչակը համարում է, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք չէ, և 2014 թվականին Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը։ Պաշտոնական Կիևը համարում է, որ չի կարելի մասնակցել նախագահական քարոզարշավին մի տարածքում, որը տվյալ երկրի տարածքը չէ։

Ինչ վերաբերում է Պուտինին՝ Ղրիմի բռնակցումը, որը Մոսկվայում կոչում են վերամիավորում, նրա ամենամեծ ձեռքբերումն է, և Ղրիմում անցկացվելիք նախընտրական հանրահավաքը հենց այս տրամաբանության շրջանակում է:

Հիշեցնենք, դեկտեմբերին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է ընդդիմադիր գործիչ, անկախ փորձագետների կարծիքով՝ Պուտինի միակ իրական մրցակից Ալեքսեյ Նավալնուն գրանցել որպես նախագահի թեկնածու։ Նավալնին կոչ է անում ռուսաստանցիներին բոյկոտել այդ ընտրությունները։ Ռուսաստանի իշխանությունների համար կարևոր է, որ ընտրատեղամասեր հնարավորինս շատ մարդ գա, սակայն ռուսաստանյան օրենքների համաձայն՝ նախագահն ընտրվում է անկախ այն հանգամանքից, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը։

Այսօր ռուսական մամուլում և սոցցանցերում բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությունները ամենուրեք օգտագործում են վարչական ռեսուրսը, բյուջետային աշխատողներին, ուսանողներին սպառնում են խնդիրներով՝ ընտրություններին չմասնակցելու համար։

Որոշ քաղաքներում, օրինակ՝ Յարոսլավլում, ընտրությունների նախօրեին մի քանի անգամ բարձրացրել են բյուջետային աշխատողների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձերը, զգուշացնելով, սակայն, որ ընտրություններից հետո դրանք նույնն են լինելու։

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահի ընտրությունները այս կիրակի են՝ մարտի 18-ին, նախագահի թեկնածուները ութն են: Այս ընտրությունների հաղթողի անունը, բոլոր գնահատականներով, արդեն հայտնի է՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրորդ հորիզոնականում է կոմունիստների թեկնածու, միլիոնատեր Պավել Գրուդինինը, ում վարկանիշը, հարցումների համաձայն, բարձր է հատկապես մեծ քաղաքներում: Լիբերալ դաշտը ներկայացնող Քսենիա Սոբչակի վարկանիշը 2 տոկոս է:

Ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը այս ընտրություններին ևս չի կարողացել համախմբվել։ Նրանց մի մասը համարում է, որ անպայման պետք է մասնակցել ընտրություններին և ձայն տալ լիբերալ թեկնածուներին, այսինքն՝ Քսենիա Սոբչակին և Գրիգորի Յավլինսկուն, մյուս մասն էլ հետևում է Ալեքսեյ Նավալնու կոչին և ասում է, որ սրանք իսկական ընտրություններ չեն, և դրանց պետք չէ մասնակցել։

Արտասահմանում ապրող ռուսաստանցիներն արդեն մասնակցել են ընտրություններին: Գերմանիայում, օրինակ, իր քաղաքացիական պարտքն է կատարել Ռուսաստանի քաղաքացի, ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր և Պուտինի կոշտ քննադատ Միխայիլ Խոդորկովսկին․ նա քվեաթերթիկի վրա գրել է՝ «Պուտինը հոգնեցրել է», և քվեաթերթիկի լուսանկարը տեղադրել իր բլոգում՝ ռուսաստացիներին կոչ անելով հետևել իր օրինակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG