Մատչելիության հղումներ

Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները


Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները:

The EuroMena Funds ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել: Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները:

Վարչապետը ողջունել է The EuroMena Funds-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:
Հայաստանի վարչապետը նաև հանդիպել է Future Group կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները:

Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու Հայաստանի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG