Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտ է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը». Կարեն Կարապետյանը՝ Սաադ Հարիրին


Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ :

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, իր ելույթում Կարեն Կարապետյանն նշել է, որ անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը:

«Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը: Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը», - ասել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. - «Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է. - «Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից: Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում: Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում»:

Սաադ Հարիրին ընդգծել է՝ ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

«Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, և նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG